Հայազգի պրոդյուսերների ֆիլմը ներկայացված է «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը

Popstar! TV առցանց հեռուստաընկերության և Associated Television International ըկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը կներկայացվի 47-րդ  «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը (Daytime Emmy Awards) երկու անվանակարգում՝ «Ակնառու հեռուստաֆիլմ» և «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա»։

Ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։ Ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է։

Ֆիլմին անդրադարձել է նաև Forbes ամսագիրը։ Հեղինակը նշում է, որ մրցանակաբաշխության գրեթե կեսդարյա պատմության մեջ «Դեյթայմ Էմմի» -ին առաջին անգամ ներկայացվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող պրոդյուսերի ֆիլմ (Սերգեյ Սարկիսով)։

47-րդ «Դեյթայմ Էմմի»-ն ստացել է ավելի քան 2,700 հայտ, ընտրությունը կատարել է հեռուստատեսության բնագավառի 1,000 ականավոր մասնագետից կազմված ժյուրին։

Այս տարվա  «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխության (Daytime Emmy Awards) կարճ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ շուկայի համար Հայաստանում նկարահանված երկու սերիալ՝ «Մահվան ջոկատ» և «Չարիքի հպումը»։ Սերիալները Associated Television International (ԱՄՆ), Blitz Films (Ռուսաստան) և Academy Films (Հայաստան) ընկերությունների համարտադրությունն են։

«Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի առցանց, հունիսի 26-ին։