Քսենյա Սոբչակը դատի կտա Business Insider-ին․ իսկ պատճառներն ավելի քան լուրջ են

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Business Insider պարբերականին՝ ԱՄՆ-ում բողոքի ակցիաների վերաբերյալ իր արտահայտությունների մասին նյութի հրապարակման կապակցությամբ։ Այս մասին նա գրել է հինգշաբթի իր Telegram-ի օգտահաշվում, գրում է tass.ru-ն։

«Ես զրպարտության փաստով դատի եմ տալիս Business Insider-ին։ Հրատարակության գերմանական մասնաճյուղը հրապարակել է «Քսենյա Սոբչակը սևամորթներին հիմար ու ծույլ է անվանել» վերնագրով հոդված և մեղադրել է ինձ ռասիզմի համար։ Դա պարզապես սուտ է»,- գրել է նա։

Սոբչակը հավելել է, որ չի աջակցում ցանկացած երկրում բողոքի ակցիաներին, եթե դրանք կապված են բռնության հետ:

«Ինձ համար գլխավոր արժեքներն են կյանքը, ազատությունը, մասնավոր սեփականությունը», -նշել է հեռուստահաղորդավարուհին:

Չորեքշաբթի DPA գործակալությունը հայտնել է, որ գերմանական Audi ավտոարտադրողը 8 տարվա համագործակցությունից հետո խզում է Սոբչակի հետ պայմանագիրը, որը Ռուսաստանում բրենդի ներկայացուցիչն էր՝ սոցցանցերում ենթադրյալ ռասիստական արտահայտությունների պատճառով:

Business Insider պարբերականի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ հաղորդավարուհին Instagram-ի իր էջում քննադատաբար է արտահայտվել Black Lives Matter շարժման բողոքի ակցիաների մասին: