«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին - Showbiz.am

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

By

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի ժամանակ Սրբուհին խոսել է կարանտինի ընթացքում իր տանը հայտնված նոր բնակչի, նոր մասնագիտություն ուսումնասիրելու ցանկության, Հայաստանում նորաձևության ոլորտի ու մոդելինգի կրած վնասների ու այլ թեմաների մասին։

Սրբուհուն այնքան էլ չի տխրեցրել կարանտինի պատճառով տանը լինելու փաստը․ «Առանձնապես փոփոխություններ չեղան իմ կյանքում արտակարգ դրությունից առաջ ու դրանից հետո, որովհետև մինչ կարանտինն էլ ես առանձնապես տնից դուրս չէի գալիս՝ գնում էի նկարահանումների ու վերադառնում տուն։ Չեմ ասի, թե ինձ համար շատ դժվար էր ու զրկվեցի ազատությունիցս կամ ինչ-որ տեղեր չգնացի ու ինձ դրանից վատ եմ զգում։ Ոչ, ես փորձում էի վայելել տանը անցկացրած ժամանակս։ Ֆիլմեր ու սերիալներ եմ նայում, նաև մի շատ հետաքրքիր զբաղմունք ևս ունեմ՝ կարանտինի սկսվելուն պես տանս հայտնվեց մի նապաստակ ու նա ինձ թույլ չտվեց, որ անգամ մեկ րոպե ձանձրանամ, սկսեցի զբաղվել իրենով ու մինչ հիմա էլ իրենով եմ զբաղվում»,- ասում է նա։

Սրբուհին գտնում է, որ այս իրավիճակն իրականում շատ կարևոր մի բաց լրացրեց բոլորի կյանքում ու նշում է․ «Մինչ այս մայրիկս նույնպես աշխատանքի էր գնում, ու չէինք կարողանում շատ ժամանակ հատկացնել միմյանց, իսկ այս ընթացքում լավ էր, որ երկուսս էլ տանն էինք։ Կարոտս առա մայրիկիցս։ Գուցե կոպիտ կհնչի, բայց առիթ ստեղծվեց, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ շփվել իրենց ընտանիքի անդամների հետ։ Համավարակը դրական ազդեցություն ունեցավ այն առումով, որ մարդիկ կարողացան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, ընտանիքից իրենց կարոտն առնել, քննարկել տարբեր հարցեր, շփվել, ֆիլմեր դիտել, մի սեղանի շուրջ ճաշել, իսկ դա շատ անհրաժեշտ է մարդկանց»։

Փորձեցինք հասկանալ, թե հայաստանյան նորաձևության ոլորտում ի՞նչ ցուցադրություններ, նկարահանումներ են չեղարկվել այս իրավիճակի պատճառով, և ե՞րբ կարող ենք նորությունների սպասել Սրբուհու մասնակցությամբ․ «Մինչև արտակարգ դրությունն էլ առանձնապես լուրեր չկային Fashion Show-երի հետ կապված։ Երևի բոլորը նախապատրասվում էին գարուն-ամառ հավաքածուին։ Դիզայներները շատ տուժեցին ստեղծված իրավիճակի պատճառով։ Որպես մոդել կարող եմ ասել, որ իսկապես ցավալի է, որ չկարողացա քայլել ու նկարահանվել սիրելի դիզայներների ստեղծած հագուստներով։ Բայց իմ կարիերայում նորություններ սպասվում են ու շուտով սոցիալական կայքերի իմ էջերում դրանց մասին կհայտնեմ»,- նշում է մոդելը։

 

Հարցին, թե ինչպես տուժեց մեր երկրում նորաձևության ոլորտն ու մոդելների աշխատանքն այս ամիսների ընթացքում, Սրբուհին պատասխանում է․ «Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց Հայաստանում մոդելինգն այս շրջանում մեծ կորուստներ չկրեց, քանի որ այն դեռ այնքան էլ զարգացած չէ։ Եթե այս տարին համեմատեմ անցյալ տարիների հետ, ապա պասիվությունը կարող ենք կապել կորոնավիրուսի համավարակի հետ, բայց պատճառը միայն դա չէ։ Պետք է նկատեմ, որ մոդելների մեծամասնությունը անգործ էին մնացել ու սկսել էին մոդելինգի հետ կապ չունեցող աշխատանքներ փնտրել։ Իհարկե, նկարահանումներ լինում էին՝ և՛ ինձ մոտ, և՛ մյուս մոդելների, բայց ինչ վերաբերում է նորաձևության ցուցադրություններին, դրանք մինչև այս էլ շատ քիչ էին։ Այս իրավիճակը կարգավորելու համար կարծում եմ՝ դեռ մեկ տարի պետք է»։

Դերասանուհի-մոդելը խոսեց նաև «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի մասին, որտեղ հանդես էր գալիս Սերինեի կերպարով․ «Սիրուն Սոնան շատ լավ նախագիծ էր, և ես շատ ուրախ եմ ու շնորհակալ Ելենա Արշակյանին, որ ինձ ներգրավեց դրա մեջ։ Դա արդեն երկրորդ հեռուստասերիալն էր, որտեղ մենք միասին աշխատեցինք։ Ուրախ չեմ, որ այն արդեն ավարտվեց, բայց ուրախ եմ, որ դրա մի մասն եմ եղել։ Ամեն լավ բան նաև ունի ավարտ։ Արդեն ունեմ նոր նկարահանումների առաջարկներ, բայց դեռ մտածում եմ։ Հիմա ուզում եմ այլ մասնագիտության՝ մարքեթինգի ուղղությամբ գիտելիքներ ձեռք բերել ու խորացնել։ Այն ինձ շատ հետաքրքիր է, տեսնեմ, թե ուր կհասնեմ»։

Եզրափակելով իր խոսքը՝ նա նաև պատմեց իր երազանքի մասին․ «Կարանտինից հետո, որոշել եմ շրջել Հայաստանի ողջ տարածքով, որպես զրոսաշրջիկ։ Որովհետև 23 տարեկան եմ, ապրում եմ Հայաստանում, բայց դեռ շատ տեղեր կան, որտեղ չեմ եղել ու մեծ հաճույքով կգնամ։ Դրա համար կարծում եմ երեք-չորս ամիս պետք է, բայց հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա ու ես կտեսնեմ ամբողջ Հայաստանը իր բոլոր գյուղերով, եկեղեցիներով»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ