Դալայ Լամա XIV Տենցզին Գյացոն այսօր նշում է իր 85-ամյա տարեդարձը, որի առթիվ թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Տիբեթի հոգևոր առաջնորդը հույս է հայտնել, որ «Ներքին աշխարհ» (Inner World) կոչվող մանտրաների և բուդդայական ուսմունքի ալբոմը որոշակի հանգստություն կբերի կորոնավիրուսի համավարակով և սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով բռնկված զանգվածային ցույցերով պայմանավորված քաոսային իրավիճակում:
«Երաժշտությունը մեր տարբերությունները հաղթահարելու ներուժ ունի: Այն կարող է վերադարձնել մեզ բարեսրտության մեր իրական էությանը: Կյանքիս իրական նպատակը ծառայելն է մարդկանց որքան կարող եմ: Երաժշտությունն ավելի շատ կարող է օգնել մարդկանց, քան ես»,- ասել է Դալայ լաման:
Նշվում է, որ ալբոմը ներառում է 11 ստեղծագործություն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում, Մոնղոլիայում և ԱՊՀ երկրներում Դալայ Լամայի պատվավոր ներկայացուցիչ, Կալմիկիայի գերագույն լամա Տելո Տուլկու Ռինպոչեն ավելի վաղ հայտարարել էր, որ բուդդայականների առաջնորդը խոստացել է ապրել 113 տարի: