«Ուրիշ հաղորդում»․ դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանի և Նոնա Թելոյանի նոր նախագծի առաջին մանրամասները

Դերասաններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը շուտով լսարանին կներկայացնեն իրենց համատեղ նոր նախագիծը, որը կոչվում է «Ուրիշ հաղորդում»։

Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար ShowBiz.am-ը զրուցել է դերասանի հետ, ինչպես նաև անդրադարձել չեղարկված աշխատանքային ծրագրերին, ամառվա պլաններին, դերասանի մասնագիտությանն ու դերերին։

«Այժմ հիմնական զբաղվածությունս նոր հաղորդման նկարահանումներն են։ Մեր նոր նախագիծը կոչվում է «Ուրիշ հաղորդում»։ Բավականին հետաքրքիր բան ենք մտածել, ունենալու ենք հյուրեր, խոսելու ենք տարբեր թեմաներից, պատասխանելու ենք տարբեր հարցերի։ Պետք է նշեմ, որ չեն լինելու ինչ-որ հատուկ թեմաներ, որոնց նախատեսել ենք անդրադառնալ։ Իսկ ինչու՞ է կոչվում «Ուրիշ հաղորդում»․որովհետև ոչ մի հաղորդում մեկը մյուսին նման չի լինելու։ Կլինեն տարբեր իրավիճակներ, տարբեր հյուրեր, տարբեր ու չկրկնվող հարցեր․․․Հաղորդման շրջանակում կունենամ հյուրեր, որոնք կլինեն հանրությանը ինչպես շատ հայտնի մարդիկ, այնպես էլ ոչ այնքան, շատերին անծանոթ դեմքեր։ Ի՞նչ ասել է հայտնի կամ ոչ այնքան հայտնի հյուրեր․նրանք կլինեն ոչ միայն երգիչ-երգչուհիներ կամ դերասաններ, այլ նաև այլ ոլորտում իրենց գործի պրոֆեսիոնալներ, ովքեր, հնարավոր է՝ հանրային մասսաներին անծանոթ են, բայց իրականում տաղանդավոր և վաստակաշատ անձինք են ու իրենց գործում լավագույններն են»,- պատմում է Դավիթը։

Հաղորդումը կհեռարձակվի դերասանի յութուբյան ալիքով, որոնց անոնսները կհրապարակվեն նաև իրենց ինստագրամյան և ֆեյսբուքյանէջերում։

«Նախագծի հեղինակը կինս՝ Նոնա Թելոյանն է, միտքն իրականում երկուսինս է, երկար ժամանակ աշխատել ենք դրա ուղղությամբ, և արդեն մի քանի օրից առաջին հաղորդումը հասանելի կլինի»,- մանրամասնում է դերասանը։

Իսկ կարանտինի ընթացքում Դավիթը տանը ձանձրանալու առիթներ չի ունեցել․ «Այսպես ասեմ՝ տանը շատ քիչ ժամանակ եմ անցկացրել այս ընթացքում, որովհետև դուրս գալու անհրաժեշտություն կար․․․Իսկ տանը լինելն իրականում իր առավելությունն ուներ, որովհետև ունենք չորս տարեկան որդի, ով չի թողնում, որ մենք ձանձրանանք, ու անընդհատ ինչ-որ բաներ է հորինում և մեզ զբաղեցնում։ Իսկ տանից դուրս գալը պարտադիր պայման էր, քանի որ ծնողներիս պետք է այցելեի, օգնեի տան խնդիրների հարցում, գնումներ կատարեի, մի խոսքով ))»։

Այս շրջանում դերասանի կյանքում փոփոխություններն առավելապես կախված էին աշխատանքի հետ։ «Քանի որ այս շրջանում մենք պետք է արդեն իսկ զբաղվածություն ունենայինք թե՛ թիվիում՝ որպես դերասան, և թե՛ որպես շոումեն։ Իսկ իրականում այդ գործերն այժմ կանգնած վիճակում են գտնվում։ Իսկ ծրագրերի հետ կապված կարող եմ նշել, որ ցանկացած նախագծի իրականացում կախված է ֆինանսավորումից, իսկ այս իրավիճակում այն կամ կրճատվում է, կամ առհասարակ բացակայում է»,- կիսվում է դերասանը։

Դերասանն ու իր կինը ամառվա հետ կապվածևս շատ պլաններ են ունեցել․«Նախատեսել էինք հանգիստն անցկացնել ծովում, բայց․․․ Իսկ Հայաստանում հանգստի հետ կապված ոչ թե պլաններ կան, այլ այն արդեն իսկ իրագործում ենք, պարբերաբար մի քանի օրով ինչ-որ տեղ ենք գնում, լավ ժամանակ անցկացնում և կրկին վերադառնում մեր առօրյային»։

Այս շրջանում Դավիթը հեռուստատեսությամբ հանդես գալու նոր առաջարկներ չունի, ինչն, ըստ իրեն, սպասելի էր, քանի որ ներկայումս աշխատում են հեռուստատեսային նախագծերի 20-30 տոկոսը։ «Բայց ինձ թվում է՝ կամաց-կամաց ամեն բան կկարգավորվի, որովհետև հեռուստատեսային ոլորտը չի կարող երկար ժամանակ նույն տեղում կանգնած մնալ»,- կիսվում է դերասանը։

Դավիթը դերերի ընտրության հարցում շատ պահանջկոտ չէ և նշում է, որ սերիալներն այն ոլորտը չեն, որտեղ դերասանը կարող է իրեն «չգիտեմ ինչեր թույլ տալ»․ «Կարող են շատ մինիմալ պահանջներ լինել, որոնք եթե բավարարվեն, ես մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանումներին։ Ոճային փոփոխություններն էլ կարող եմ շատ հանգիստ տանել։ Օրինակ՝ արդեն բավականին ժամանակ է, ինչ խնամված մորուք եմ պահում, բայց եթե դերը պահանջի, կարող եմ շատ հանգիստ սափրել, որևէ խնդիր չեմ տեսնում»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան