Ստոկհոլմում առաջին անգամ չի անցկացվի Նոբելյան դափնեկիրների պարգևատրման արարողությունն ու թագավորական ընթրիքը

Նոբելյան հիմնադրամը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկել է Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման ամենամյա արարողությունը, որը տեղի է ունենում դեկտեմբերին:

Ինչպես նշում է The Guardian-ը, հիմնադրամից հայտնել են, որ ավանդական արարողությունն այս տարի կկայանա նոր ձևաչափերով:

Պարբերականը նկատում է, որ սա 1956թ. ի վեր առաջին դեպքն է, երբ պարգևատրման արարողությունն ու դրան հաջորդող ընթրիքը չեղարկվում են:

Ավանդաբար, Նոբելյան մրցանակի դափնեկիրները դեկտեմբերին ժամանում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքապետարան, որտեղ երկրի թագավորական ընտանիքի և ևս 1300 հյուրերի հետ մասնակցում են մեծ ընթրիք-ընդունելությանը:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: