4 համեղ ու օգտակար ըմպելիք, որոնք առավոտյան խմելը կօգնի խթանել ճարպերի այրման գործընթացը

Մարդու սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում ավելորդ քաշի դեմ պայքարում, և այս հարցում էական նշանակություն են ունենում անգամ ըմպելիքները: Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել յուրահատուկ ըմպելիքներով, որոնք օգնում են արագացնել նյութափոխանակությունը, կանխում են փորափքանքն ու ազատում են անառողջ ճարպերից, գրում է Times Now ամսագիրը:

Փորձագետների խոսքով՝ այս ըմպելիքները հարկավոր է խմել առավոտյան դատարկ ստամոքսին: Դրանք ունեն շատ ցածր կալորիականություն, սակայն պարունակում են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ուստի լավագույն միջոցն են սլացիկ կազմվածք ձեռք բերելու համար: Ավելին՝ այս ըմպելիքները ոչ միայն ազատում են ավելորդ քաշից, այլև ամրապնդում են առողջությունը, ինչը նույնպես շատ կարևոր նշանակություն ունի:

Ալոե վերայով ըմպելիք

Այս ըմպելիքը հարուստ է հանքանյութերով ու հակաօքսիդանտներով և նպաստում է ճարպերի այրմանը՝ ակտիվացնելով մարսողությունը: Պարզապես հարկավոր է մի բաժակ ջրին ավելացնել 2-3 ճաշի գդալ ալոե վերայի գել, մի գդալ կիտրոնի թարմ հյութ ու մի փոքր մեղր, լավ խառնել ու խմել ստացված ըմպելիքը:

Կոճապղպեղով ու կիտրոնով թեյ

Կիտրոնն ու կոճապղպեղը դարեր ի վեր օգտագործվում են որպես ավելորդ քաշի ու առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարի արդյունավետ միջոց: Այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով ու այլ օգտակար միացություններով, որոնք օգնում են նվազեցնել ճարպային հյուսվածքներն ու ամրապնդում են առողջությունը: Այս օգտակար թեյի պատրաստման համար նախ հարկավոր է կոճապղպեղը թրմել, ապա ավելացնել թեյին մի փոքր կիտրոնի հյութ ու խմել ըմպելիքը:

Խնձորի քացախ ու կոճապղպեղ

Խնձորի քացախի մեջ պարունակվող թթուն ակտիվացնում է նյութափոխանակության ընթացքում որովայնի հատվածի ճարպաշերտերի արյման գործընթացը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մեկ ճաշի գդալ խնձորի քացախ օգտագործելու դեպքում ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց հաջողվել է ազատվել որովայնի ճարպաշերտերի զգալի մասից՝ փոքրացնելով գոտկատեղը միջինում 1,4 սմ-ով: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քացախը համադրել կոճապղպեղի հետ: Կարելի է կոճապղպեղով թեյին ավելացնել 2 թեյի գդալ քացախ, ցանկության դեպքում քաղցրացնել ըմպելիքը մի փոքր մեղրով և խմել այն:

Կանաչ թեյ

Առավոտյան կանաչ թեյ խմելը կարող է շատ օգտակար սովորություն դառնալ: Բանն այն է, որ էպիգալոկատեխին գալատը(EGCG), որը կանաչ թեյի հիմնական հակաօքսիդանտն է, խթանում է նյութափոխանակության ու ճարպերի այրման գործընթացը՝ նպաստելով, մասնավորապես, որովայնի ու գոտկատեղի հատվածում կուտակված ճարպային հյուսվածքների մակարդակի նվազմանը: