Թեյի 6 տեսակ, որոնք նպաստում են ճարպերի այրմանն ու քաշի նվազմանը

Թեյերն առհասարակ շատ օգտակար են առողջության համար, սակայն կան թեյի տեսակներ, որոնք նաև օգնում են արագացնել ճարպերի այրման գործընթացը՝ դրանով իսկ օգնելով ազատվել ավելորդ քաշից ու ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ համեղ ու օգտակար ըմպելիքները:

1. Կանաչ թեյ

Այս թեյն ամենահայտնի ու օգտակար ըմպելիքներից է: Այն պարունակում է պոլիֆենոլներ ու էպիգալոկատեխինի գալատ, որոնք հզոր հակաօքիսդանտ են: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այն օգնում է արագ այրել ճարպերը, ինչպես նաև արգելակում է ածխաջրերի կլանման գործընթացը: Կանաչ թեյի ակտիվ բաղադրիչը կոֆեինն է, որը խթանում է մարմնի ու գլխուղեղի աշխատանքը, ուստի այն շատ արագ է ազդում: Առավել լավ արդյունքի համար կանաչ թեյը խորհուրդ է տրվում խմել տաք վիճակում:

2. Ուլուն

Այս թեյը պարունակում է նյութեր, որոնք ուժեղացնում են ճարպերի թթվայնացումը: Ուլունն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նպաստում է ախորժակի կարգավորման ու որովանի հատվածում ճարպաշերտերի այրման: Բացի այդ, այս թեյն օգնում է պահպանել քաշը՝ արգելակելով ճարպ առաջացնող էնզիմների աշխատանքը: Ուլունը նաև ամրապնդում է ատամներն ու պայքարում է ճարպերի դեմ, ուստի այն շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Շատերը կարծում են, որ այս թեյը մի փոքր դառն է, ուստի ցանկության դեպքում դրան կարելի է մեղր ավելացնել, ինչը կօգնի բարելավել ըմպելիքի համը:

3. Անանուխով թեյ

Անանուխով թեյը պատրաստելիս կարելի է կիրառել անանուխի ինչպես թարմ, այնպես էլ չորացրած տերևները: Ընդամենը երկու կալորիա պարունակող այս ըմպելիքը թարմացնում ու ակտիվացնում է՝ օգնելով այրել ավելի շատ կալորիա: Բացի այդ, այն նպաստում է աղիների ճիշտ աշխատանքին ու բարելավում է մարսողությունը, ինչը նույնպես շատ կարևոր է:

4. Կոճապղպեղով թեյ

Այս թեյը լավագույն նիհարեցնող ըմպելիքներից է, ինչպես նաև ախորժակը կարգավորող բնական միջոց: Իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ այն պահպանում է հագեցածության զգացումն ու կանխում է սննդի չարաշահումը: Կոճապղպեղով թեյը բարելավում է մարսողությունը և ազատում է այտուցներից, բորբոքումներից, սրտխառնոցից ու գլխապտույտից: Սա է պատճառը, որ Չինաստանում այս համեմունքը հազարամյակներ շարունակ օգտագործվել է որպես դեղամիջոց մրսածության ու գրիպի դեմ: Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար կոճապղպեղով թեյ խմել, ինչպես նաև ավելացնել թարմ կոճապղպեղը տարբեր հյութերին ու ուտեստներին:

5. Ռոյբուշ թեյ

Գիտնականներն ապացուցել են, որ քաշի ավելացումն անմիջականորեն կապված է սթրեսի հետ, իսկ այս յուրահատուկ թեյը պարունակում է ասպալատին, որը նվազեցնում է սթրեսի մակարդակն ու նպաստում է առողջ քնին: Այս համեղ ու քաղցր թեյը չի պարունակում կոֆեին, սակայն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանվել ԴՆԹ-ն վնասող ազատ ռադիկալներից: Բացի այդ, այն օգնում է հանգստացնել ստամոքսն ու մեղմել բորբոքումները:

6. Երիցուկով թեյ

Երիցուկը ոչ միայն ազատում է սթրեսից, այլև ազդում է որպես միզամուղ միջոց ու կարգավորում է քունը, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար: Բանն այն է, որ քնած ժամանակ մարդու մարմինն արտադրում է սերոտոնին՝ հորմոն, որն օգնում է կարգավորել ախորժակն ու քիչ ուտել: Բացի այդ, այս դեղաբույսը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, ինչպես նաև բուժում է էկզեման ու այրվածքները: