«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։
«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների… անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ:
Բայց երևի գերադասելի է պատերազմը` բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան կիսագո ու թերի «խաղաղությունը», որը դանդաղորեն մաշեցնում է մարդկանց ու կյանքերն իրենով անում:
Մենք ատում ենք պատերազմը, բայց հնարավոր է, որ հենց պատերազմի ատելությունն էլ օգնի մեզ հաստատել ուժեղ, լիարժեք ու մեր Երկրի լիակատար անվտանգությունն ապահովող խաղաղությունը` ապրելու, ստեղծագործելու և զարգանալու հստակ հեռանկարով: Ի վերջո Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա Հայրենիք, որտեղ ամեն անկյունում քո կյանքն ես դրել: Չկան վարձկան կռվողներ, կա անհատը` կոնկրետ ընտանիքից դուրս եկած ու աննկուն կամքով, իր որոշմամբ ու սիրով: Չկան ընդհանուր աշխարհաքաղաքական դրույթներ. կա հստակ Հայրենապաշտություն ու հայրենքը պաշտպանելու և վերջապես ազատագրելու գերնպատակ:

Քրիստոնյան իր խաչի տերն է… և այսօր Հայոց երկրի դրոշի և խաչի ներքո հավաքվել են բոլորը, ովքեր հայ են անկախ ազգությունից, ովքեր խաչակիր են անկախ դավանանքից եւ ովքեր արդեն հաղթող են` անկախ «աշխարհի» արձագանքից:
Լուսանկարը` Ստեփանակերտի նկուղներից մեկում պատսպարված, անպարտելի ոգով առաջնագծում իրենց հայրերին ու մայրերին չզիջող Արցախցի ձագուկներն են»,- գրել է նա։