Ջորջ Քլունիի` հայերին սատարող տեսաուղերձը. «Աղոթում ենք խաղաղության համար»

Հոլիվուդյան հայտնի դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար: Տեսաուղերձը հրապարակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ուղերձում ասում է դերասանը:

Քլունին նաև անդադառնում է «Ավրորա» մրցանակին և շեշտում, որ իր համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մի մասը: Դերասանը, շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` տքնաջան աշխատանքի համար, որ կատարվում է և այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այս մրցանակի արժանացած դափնեկիրներին, մարդկանց, որոնց շնորհվել է այս մրցանակը:

«Նրանք մեզնից լավագույններն են, բացառիկ են, քանի որ իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն: Շնորհակալություն յուրաքանչյուրի ներգրավվածության համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք մեկ վայրում: Ցտեսություն»,- եզրափակում է աշխարհահռչակ դերասանը և հույս հայտնում, որ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը: