«Իրանցի Անջելինա Ջոլիին» դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ սոցցանցերում հրապարակած լուսանկարի պատճառով

Իրանցի ինսթագրամյան աստղ Ֆաթիմա Հիշվանդին 10-ամյա բանտարկության են դատապարտել իր «սարսափելի հյուծված դեմքի» մշակված լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Daily Mail-ին:

Շատերը կոսմետիկայի և ֆոտոխմբագրիչների միջոցով աղջկա «փոխակերպումն» ընկալել են որպես կատակ, սակայն 2019-ի հոկտեմբերի 5-ին իրանական ոստիկանությունը ձերբակալել է նրան և ևս 3 կանանց, որոնք հայտնիություն են ձեռք բերել Ինստագրամում:

Հիշվանդը մեղադրվում է հայհոյանքի, բռնության դրդելու, անընդունելի ձևերով եկամուտ ստանալու և երիտասարդների շրջանում կոռուպցիան խրախուսելու մեջ:

Ֆաթիմեն հայտնիություն է ստացել 2017-ին: Այդ ժամանակ հաղորդվում էր, թե իբր նա արել է 50 վիրահատություն ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին նմանվելու համար: Ավելի ուշ, սակայն, աղջիկը պատմել էր, որ նման արտաքինի իրեն հաջողվել է հասնել բացառապես շնորհիվ դիմահարդարման և ֆոտոշոփի:

Պարբերականի հաղորդմամբ՝ արտասովոր արտաքինի համար իրեն անվանում են նաև «Անջելինա Ջոլիի զոմբի»: Ֆաթիման ինսթագրամյան իր էջում ուներ գրեթե կես միլիոն հետևորդ: