Ջենիֆեր Լոպեսի բյուրեղյա գլխազարդ-դիմակի հեղինակը հայ է (լուսանկարներ)

Օրերս երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ հիացրեց երկրպագուներին՝ ներկայացնելով իր նոր՝ In The Morning տեսահոլովակը, որում 51-ամյա երգչուհին բառի բուն իմաստով փայլում է, ինչպես արտաքնապես, այնպես էլ՝ կերպարներով: Երգչուհին տեսահոլովակում աշխատել է մի շարք հանրահայտ ոճաբանների հետ, այդ թվում հայազգի` զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանի, ով հայտնի է իր օրիգինալ դիմակներով և զարդերով: Տեսահոլովակում Ջեյ Լոն կրել է Մարիաննայի պատրաստած բյուրեղյա գլխազարդ-դիմակը:

Բրիտանական Vogue կայքն անդրադառնալով երգչուհու նոր աշխատանքին՝ այն անվանել է «նորաձևության եթերային ֆանտազիա»:

«Ներկայանալով դիզայներների առաջարկած լավագույն կերպարներով՝ Լոպեսը ցույց է տալիս, թե որքան շատ է նա ինքն իրեն գնահատում»,- գրել է պարբերականը՝ հերթականությամբ թվարկելով Ջենիֆեր Լոպեսի բոլոր կերպարները, որոնց շուրջ երգչուհին աշխատել է ոճաբաններ Ռոբ Զանգարդիի և Մարիել Հաենի հետ: Երգչուհին կրում է դիզայներներ Իրիս Վան Հերփենի, Ագուստո Մանզանարեսի, Մարկո Մարկոյի և Իգի Սոլիվենի կոստյումները:

Անդրադառնալով հայուհի Մարիաննա Հարությունյանին՝ կայքը գրում է.

«Նորաձևության գլուխգործոցը, սակայն, երևում է տեսահոլովակի վերջին կադրերում, որտեղ Ջեյ Լոն Վալենտինոյի` փետուրներով վերարկուով է, իսկ կերպարն ամբողջացնում է դիզայներ Մարիաննա Հարությունյանի բյուրեղյա դիմակը: Ի դեպ, Հարությունյանը զարդերի դիզայներ է, ով աշխատել է նաև Լեդի Գագայի կերպարների շուրջ»: