Մանկական Եվրատեսիլի մասնակից Կարինա Իգնատյանի հայաստանյան վերջին փորձն ու հետաքրքիր մանրամասները

17-րդ անգամ անցկացվող Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին, որն այս տարի կանցկացվի Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, Հայաստանը կներկայացնի 13-ամյա երգչուհի Կարինա Իգնատյանը։

Երեկ տեղի ունեցավ փոքրիկ երգչուհու հայաստանյան վերջին փորձը և օրերս մեր պատվիրակությունն արդեն կմեկնի Լեհաստան։ ShowBiz.am-ը ներկա է եղել փորձին, հետևել ընթացքին, ինչպես նաև զրուցել Կարինայի հետ։

Երգչուհին նշեց, որ փորձերն անցնում են շատ հագեցած, ուրախ, իհարկե պատասխանատվության զգացողությունը շատ մեծ է և ինքն էլ շատ է հոգնում, բայց այդ ամբողջ նախապատրաստական ընթացքն իրեն դուր է գալիս։ Կարինան նաև նշեց, որ այս ամենին զուգահեռ ինքը շատ բաներից է զրկվել, սակայն չի դժգոհում և հասկանում է, որ շատ պատասխանատու գործ է կատարում։

Կարինան մինչ այս մասնակացել է մի շարք հեղինակավոր մրցույթների՝ «Голос дети», «Во Весь голос», «Новая волна», «Поколение next», որոնք իր խոսքերով արդեն իսկ մեծ փորձ են և իրեն շատ կօգնեն Մանկական Եվրատեսիլում լավ ելույթ ունենալու հարցում։

«Իհարկե, ամեն մի մրցույթը ինձ տվել է մեծ փորձ, որն ինձ շատ է պետք գալու. հուզմունքը, բնականաբար, կա, քանի որ ավելի մեծ բեմ է ու ավելի շատ հանդիսատես է լինելու, սակայն ինձ շատերն են աջակցելու և իմ կողքին լինելու»,- անկեղծացավ Կարինան։

Կարինայի «Colours of Your Dream» երգը նաև ունի գեղեցիկ պարային բեմադրություն, որի վրա աշխատել է «Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Վիկա Մարտիրոսյանը։ Կարինայի մոտ բավականին լավ է ստացվում պարելը, ինչին օգնում է նրա տարիների պարային փորձը.
«Ես վեց տարեկանից հաճախել եմ ստուդիա, որտեղ սովորել ենք և պարել, և երգել։ Այնպես որ՝ ինձ մոտ լավ է ստացվում պարելը»։

Կարինան շատ բազմազբաղ երեխա է ու, կարծես թե, փորձում է ամեն ինչից էլ գլուխ հանել։ Փոքրիկ երգչուհին գերազանց առաջադիմությամբ է սովորում դպրոցում, նաև հաճախում է տարբեր խմբակներ.
«Ես զբաղվում եմ մեծ թենիսով, դաշնամուրի եմ հաճախում, որն այս տարի արդեն կավարտեմ, նաև սիրում եմ լողալ, նկարել և պարել»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մրցույթից հետո Կարինան ընտանիքի հետ միասին պատրաստվում է Հայաստան վերադառնալ, ինչին ի պատասխան երեխայի մայրը՝ Ասյան, նշեց, որ դա կախված կլինի երեխայի գրանցած հաջողություններից, սակայն նաև ասաց, որ Կարինան Ռուսաստանում հաճախում է դպրոց, որն առանց այդ էլ արդեն երկար ժամանակ է, ինչ բաց է թողնում, այնպես որ ամենայն հավանականությամբ կվերադառնան Կալուգա։

Կարինայի երգը ստեղծման երկար ուղի է անցել։ Այդ հարցերով հիմնականում զբաղվել է Կարինայի մայրը, ով պատմեց, թե ինչպես է կապ հաստատել երգի հեղինակի՝ Տարաս Դեմչուկի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել։ Իսկ երգի խոսքերի հեղինակի հետ կապված՝ ի սկզբանե որոշված է եղել, որ Ավետ Բարսեղյանը պետք է այն գրի։

Կարինայի երգը երազանքի մասին է և երգչուհին այդ կապակցությամբ նշեց, որ ինքն էլ այս պահին երազում է լավ ելույթ ունենալ և լավ ներկայացնել Հայաստանը:

Վերջում նաև հավելենք, որ Հայաստանից բացի մրցույթին մասնակցելու է ևս տասնութ երկիր: Ի դեպ, Իսպանիան տասներեք տարվա դադարից հետո վերադառնում է մրցույթ, իսկ Իսրայելն ու Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել:
Երգի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։

Նյութը` Լուս Ավագյանի