Հայտնի երգչուհի Շակիրան պատրաստվում է հաջորդ տարի համաշխարհային շրջագայության մեկնել: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս մասին հայտնել է տոմսերի վաճառքով զբաղվող Ticketmaster կայքը:
Քառասուներեքամյա երգչուհու շրջագայության համերգների տոմսերն արդեն հասանելի են նախնական ամրագրման համար:
«Շակիրան մտադիր է հաջորդ տարի համաշխարհային շրջագայության մեկնել և ցանկանում է վստահ լինել, որ բոլոր երկրպագուները տոմսեր գնելու հնարավորություն կունենան»,- նշված է կայքի հայտարարությունում:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած կիրակի կոլումբացի աստղը մասնակցել է ամերիկյան Սուպերբոուլի բացման շոուին, որի շրջանակում դիտարժան ելույթ է ունեցել՝ հավաքվածներին հիացնելով ոչ միայն գեղեցիկ ձայնով ու արտիստիզմով, այլև իր այցեքարտը դարձած կրակոտ պարերով:
Շոուի շրջանակում Շակիրան երգել է նաև մեկ այլ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի հետ։