«Beauty Lifestyle» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք կանացի առողջության ու գեղեցկության համար ամենակարևոր թեմաներից մեկին՝ առողջ սննդակարգին: Showbiz.am-ը զրուցել է ոլորտի հայտնի մասնագետներից մեկի՝ սննդաբան Լիլիթ Բասյանի հետ:
Լիլիթ Բասյանն, ով այժմ աշխատանքային նոր նախագծերով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, չի մերժել հարցազրույցի առաջարկն ու խոսել մեզ հետ գրեթե բոլոր կանանց հետաքրքրող հարցերի մասին: Հատուկ մեր ընթերցողների համար նա պատմել է շատ կարևոր թեմաների՝ ճիշտ սնվելու, ավելորդ քաշից ազատվելու մասին և տվել այլ հետաքրքիր խորհուրդներ:
-Նիհարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սնվել հաճախ և փոքր չափաբաժիններով: Ինչպե՞ս ճիշտ սնվել, եթե աշխատանքային գրաֆիկդ թույլ չի տալիս սնվել օրական 5-6 անգամ:
-Օրական հինգ անգամ սնվելը նշանակում է ոչ թե 5 անգամ լիարժեք սնունդ ընդունել, այլ ունենալ լիարժեք նախաճաշ, ճաշ, ընթիք և դրանց միջակայքում 2 անգամ թեթև սննդի ընդունում: Այդ սնունդը կարող է լինել ընկուզեղեն, միրգ կամ չրեր: Նախաճաշել յուրաքանչյուր մարդ կարող է հասցնել առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, ճաշել՝ ընդմիջման ժամին և ընթրել երեկոյան՝ աշխատանքից հետո: Իսկ դրանց միջակայքում հնարավոր է, ընդամենը մի քանի րոպե հատկացնելով, ուտել նաև մի քանի հատ ընկույզ կամ երկու կտոր միրգ:
-Ինչպե՞ս հետ կանգնել քաղցրավենիքի գայթակղությունից:
-Կարելի է երբեմն օգտագործել քաղցրավենիքներ. ես առաջարկում եմ ընտրել բնական բաղադրիչներից բաղկացած հատուկ դիետիկ քաղցրավենիքներ կամ դառը շոկոլադ, որոնք և՛ համեղ են, և՛ չեն վնասում առողջությանն ու կազմվածքին:
-Ճի՞շտ է, որ մինչև 12:00 կարելի է ուտել ամեն ինչ:
-Եթե որոշել եք հետևել Ձեր կազմվածքին ու սննդակարգին, ապա նույնիսկ մինչև 12:00 չի կարելի ուտել ամեն ինչ: Եթե ունեք Ձեր առջև դրված հստակ նպատակ և ցանկանում եք հասնել կոնկրետ արդյունքի, ապա պետք է գիտակցել, որ փոխում եք Ձեր սննդակարգն ու համային սովորությունները և ստեղծում սննդային նոր սովորություններ:
-Բոլորին քաջ հայտնի է, որ առողջ սնվելու և քաշը կարգավորելու համար պետք է պարտադիր նախաճաշել: Ինչպե՞ս սովորել նախաճաշել, եթե առավոտյան ընդհանրապես ախորժակ չունես:
-Նախաճաշելը պարտադիր է: Վստահեցնում եմ, որ եթե մարդը երեկոյան ուշ ժամերի սնունդ չընդունի և սովի զգացումով պառկի քնելու, ապա առավոտյան հաստատ նախաճաշելու ցանկություն կունենա:
-Ի՞նչ մթերքներ օգտագործել, որոնք կհագեցնեն քաղցը, բայց կունենան քիչ կալորիականություն:
-Քաղցը հագեցնելու համար պետք է նախաճաշին ընդունել բարդ ածխաջրեր՝ հնդկաձավար, վարսակի շիլա, ձվածեղ աղցանի հետ: Փորձեք լիարժեք նախաճաշել և ճաշել, որպեսզի ընթրիքին չունենաք սովի զգացում ու ընդունեք ավելի թեթև սնունդ:
-Ինչպե՞ս զսպել սովի զգացումը երեկոյան ժամերին:
-Երեկոյան առաջացող սովի զգացումը կարող եք հաղթահարել խաբելով օրգանիզմին՝ ջուր խմելով: Եթե ջուր խմելուց հետո ստամոքսը լցվում է, բայց սովի ուժեղ զգացումը չի անցնում, ապա փորձեք ենթագիտակցական մակարդակի վրա ձեր ուղեղում ստեղծել սննդի ընդունման խաբկանք և կերեք ցածր կալորիականությամբ բանջարեղեն:
-Մինչև ժամը քանի՞սն է թույլատրվում սնվել այն մարդկանց, որոնք ուզում են նիհարել և ի՞նչ մթերքներ է կարելի օգտագործել երեկոյան ժամերին:
-Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց առնվազն 3 ժամ առաջ և ցանկալի է, որ դրանում պարունակվեն սննդային մանրաթելեր և սպիտակուցներ: Ռացիոնում պետք է լինեն բանջարեղեններ, հնդկահավի կամ հավի կրծքամիս, ձուկ և այլ ծովամթերքներ:
-Նիհարելու ընթացքում կարիք կա՞ ամբողջովին աղից հրաժարվելու:
-Ոչ մի դեպքում չի կարելի ամբողջովին հրաժարվել աղից, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմի համար անհրաժեշտ աղը կսկսի դուրս գալ օրգանիզմից, ինչը կվնասի առողջությանը: Պետք է պահել աղի ընդունման օրական չափաբաժինը՝ 3-5 գրամ:
-Օգտակա՞ր են արդյոք յուղազրկված կաթնամթերքները:
-Այն կաթնամթերքները, որոնք ունեն 0% յուղայնություն, իմաստ չունի օգագործել, քանի որ դրանք չեն պարունակում օրգանիզմին անհրաժեշտ այն բաղադրիչները, որոնք պետք է ստանալ կաթնամթերք ընդունելիս: Խորհուրդ եմ տալիս օգտագործել ցածր՝ 0,5 – 1,5% յուղայնությամբ կաթնամթերքներ:
-Կայքերում հաճախ հրապարակվող տարատեսակ դիետաները կիրառելի՞ են արդյոք բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:
-Ոչ, քանի որ ամեն մարդ անհատ է, և ամենքի համար պետք է մշակել անհատական սննդակարգ: Տարածված մոնոդիետաներին դեմ եմ, քանի որ ամեն մարդ տարբեր կերպ է սկսում քաշ կորցնել՝ մեկն ավելի արագ է նիհարում, մյուսն ավելի դանդաղ, մեկն ավելի ուշ է պառկում քնելու, մյուսն ավելի շուտ է արթնանում: Պետք է հաշվի առնել մարդու օրվա գրաֆիկը, առողջական խնդիրների առակայությունը, սպորտով զբաղվելու հանգամանքը, տարիքը, քաշի և հասակի հարաբերակցությունը: Մի հավատացեք համացանցում տարածված մոնոդիետաներին, քանի որ դրանք չեն կարող ապահովել խոստացված արդյունքը և չվնասել առողջությանը: Այդպիսի սննդակարգը թողնելուց հետո օրգանիզմում սկսվում է հակառակ ռեակցիա, և կորցրած քաշը շատ արագ վերականգնվում է:
Հեղինակ՝ Դիանա Զաքարյան