Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր KKW Beauty ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երեկ Ինստագրամում և Թվիթերում հրապարակած գրառման մեջ երկրպագուներին տեղեկացրել է, որ KKW Beauty կոսմետիկ պարագաներ արտադրող ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը, գրում է Daily Mail-ը։

2017 թվականին Քարդաշյանի ստեղծած կոսմետիկ ընկերությունը խոստովանել է, որ չնայած իրենց «վեբ-կայքը հասանելի կմնա պատվերների ընդունման համար», պատվերների առաքման ժամկետներն, իրավիճակով պայմանավորված, չեն կարող հստակ սահմանել։

«Մենք կշարունակենք ձեզ թարմ տեղեկություններ հաղորդել էլեկտրոնային փոստի, Ինստագրամի, Թվիթերի, և Ֆեյսբուքի միջոցով։ Ձեզ ենք ուղարկում մեր լավագույն մաղթանքները»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց 39-ամյա աստղը Թվիթերում իր երկրպագուներին տեղեկացրել է, որ մտադիր է օգնության ձեռք մեկնել այս օրերին տուժած կարիքավոր ընտանիքներին։

«Որպես մայր` կարիքավոր ընտանիքներին օգնելն այս պահին հատկապես կարևոր է ինձ համար»,- հայտնել է Քիմը։