Մանվելն իր ձեռքն է վերցրել խոհանոցը, Ծովինարը կարծում է՝ չկա չարիք առանց բարիքի․․․ինչո՞վ են զբաղվում հայ հայտնիները կարանտինի ընթացքում

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Showbiz.am կայքի հետ զրույցում հայ հայտնիները խոստովանեցին, թե ինչպես են վերաբերվում ստեղծված իրավիճակին և ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ։

Մանվել Խաչատրյանը՝ նախկին «Թիվ 5» երաժշտական խմբի մասնակիցներից մեկը, ով այսօր հայտնի դերասան ու ռեժիսոր է, կարանտինի ընթացքում, կարծես թե, ևս մեկ մասնագիտություն է յուրացրել․ Մանվելն ամեն օր ուրախացնում է ընտանիքի անդամներին համեղ ուտեստներով և օգտագործում է հարկադիր արձակուրդը ընտանիքի հետ լավ ժամանց անցկացնելու համար։
«Փորձում ենք չմտածել վիրուսի մասին։ Վայելում ենք հարկադիր արձակուրդը։ Հավաքվել ենք Գյումրիում՝ ծնողներիս տանը։ Խոհանոցը վերցրել եմ իմ պատասխանատվության տակ ու համեղ բաներ եմ պատրաստում։ Կարդում եմ, երեխաներիս հետ ժամանակ եմ անցկացնում։ Տղայիս հետ սպորտով եմ զբաղվում, քանի որ սպորտն ամենալավ միջոցն է վիրուսի դեմ պայքարելու գործում։ Օգտագործում ենք մրգեր, բանջարեղեն, իսկ ջրածնի պերոկսիդն անպակաս է։ Փոքրիկներս չեն նեղվում, որ կարանտինի ընթացքում միշտ տանն են, միշտ ուրախ են ու լավ տրամադրությամբ։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ բոլորին շատ սիրել միմյանց ու պահպանել անվտանգ տարածություն»,-պատմում է Մանվելը։

Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը խոստովանում է, որ կարանտինը լավ առիթ է ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու համար։
«Անկեղծ ասեմ՝ երեխաներս չեն նեղվում տանը մնալու պատճառով, որովհետև շատ զբաղմունք ունենք։ Քանի որ Անդրանիկն էլ տանն է հիմնականում լինում, տղայիս քնեցնում ենք ու ֆիլմեր ենք դիտում, և այդպես ամեն երեկո։
Մենք ապրում ենք Անդրանիկի ծնողների հետ և ես միշտ լսում եմ նրանց խորհուրդները։ Խմում ենք թեյեր, ուտում միրգ ու բանջարեղեն։ Ունեմ երկու բալիկ․ աղջկաս հետ դասերն ենք կրկնում, որպեսզի չմոռանա, իսկ փոքրիկի հետ խաղում ենք»,- իրենց առօրյայից պատմում է Մերին։

Դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը կորոնավիրուսից պաշտպանվելու և իմունիտետը բարձրացնելու համար բազմաթիվ միջոցներ են կիրառում։ Ինքը՝ Ծովինարը, կարծում էր, որ այս կարանտինը պետք էր մարդկանց։
«Կարծում եմ՝ սա նաև պետք էր․ չկա չարիք առանց բարիքի։ Այս կարանտինն ինձ համար ավելի շատ արձակուրդ է»,- ասում է Ծովինարն ու հավելում․ «Զայրանում եմ միայն, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում այս ամենին, կցանկանայի, որ բոլորս մեկուսանայինք՝ վիրուսի տարածումը կանխելու համար, բայց ինչպես տեսնում եմ՝ ոչ բոլորն են հետևում կանոններին։
Կարանտինի ընթացքում ես կարդում եմ, ֆիլմեր եմ դիտում, համեղ բաներ եմ պատրաստում, աշխատում ենք ազատ ժամանակն օգտագործել ինքնակրթվելու համար։ Կորոնավիրուսից պաշտպանվելու և իմունիտետը բարձրացնելու համար խունկ ենք շատ հաճախ ծխում տան մեջ, օգատգործում ենք ալկոգել, սպիրտ, իսկ սննդի մեջ ուշադրություն ենք դարձնում վիտամիններին։ Փոքրիկներիս հետ ժամանակ չէի անցկացրել, հիմա այդ բացը լրացնում եմ․ խաղում ենք միասին, ռուսերեն ենք սովորում»։

Կարանտինն ու համաճարակը շատ բան են փոխել Դիջեյ Վակցինայի՝ Արուսիկ Մկրտչյանի կյանքում ով խոստովանում է, որ չաշխատելն ու որևէ օգտակար գործով չզբաղվելն իր համար շատ սթրեսային է։

«Կյանքի ողջ ընթացքն է փոխվել։ Աշխատանքի չեմ գնում, ինձ համար դա ամենադժվար ու ամենասթրեսային փոփոխությունն է։ Փորձում եմ ինչ-որ կերպ աշխատել հեռավար ձևով, հիմա այս պահին կամավորական աշխատանք եմ անում՝ օգնելով կորոնավիրուսի թեմայով սոցիալական գովազդների նկարահանման գործում։ Տան բոլոր աշխատանքները ես եմ անում․ առաջ օգնող կար, բայց հիմա միայն ես եմ դրանով զբաղվում՝ չնայած անում եմ մեծ սիրով, որովհետև կարոտել էի այդ աշխատանքերը, որովհետև շատ ժամանակ առավոտյան գնալով և ուշ երեկոյան վերադառնալով չէի հասցնում դրանք անել։ Ինձ համար շատ հաճելի է, որ կարողանում եմ շատ շփվել երեխաներիս հետ։

Հիմնականում տանն ենք լինում․ ողջ օրս նվիրում եմ երեխաներիս ու միայն նրանց քնելուց հետո ես կարողանում եմ ֆիլմ դիտել։ Ես հիմա հանգստանում եմ ստիպողաբար և ուրախ եմ, որովհետև վերջին տարիներին նման հանգիստ չէի ունեցել։ Այս ընթացքում շատ եմ փորձում օգտագործել սոխ և սխտոր, բայց ուզում եմ ասել, որ դրանք վիրուսասպան չեն, պարզապես տալիս են վիտամինների պաշար, որն իմունիտետը բարձրացնում է։ Օգտագործում եմ առողջ սնունդ, շատ հեղուկ։
Երեխաները նեղվում են այս կարանտինի պատճառով, բայց ես փորձում եմ խաղերի միջոցով հետաքրքիր դարձնել նրանց ժամանցը, անգամ բռնոցի ու պաղկվոցի ենք խաղում։
Փորձում ենք օգատգործել կարանտինը մեր ընտանիքում լավ միջավայր ստեղծելու համար»,-կիսվում է Արուսիկը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարայան