Սելենա Գոմեսը խոստովանել է, որ հոգեկան խնդիր ունի

Սելենա Գոմեսը երկրպագուներին հայտարարել է, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունի։ Ինչպես նշել է դերասանուհին, նա թեթևություն է զգացել, երբ իմացել է, թե իրականում ինչ է կատարվում իր հետ։ «Վերջերս այցելեցի Ամերիկայի լավագույն հոգեբուժարաններից մեկը։ Շատ տարիներ ընթացքում, անցնելով շատ տարբեր բաների միջով, ես վերջապես իմացա, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեմ: Այդ տեղեկատվությունն իսկապես օգնեց ինձ» – ասել է Սելենան ուղիղ հեռարձակման ժամանակ։

Գոմեսը խոստովանել է, որ ինքը երբեք լիարժեք տեղյակ չի եղել իր հոգեկան վիճակի մասին։ Երգչուհին ավելացրել է, որ դեռ մանուկ հասակից գիտակցում է, որ ինչքան շատ բան գիտես քո խնդրի ու վախի մասին, այնքան ավելի քիչ կլինի վախդ: «Ես Տեխասից եմ, այստեղ ոչ ոք չի խոսում հոգեկան առողջության մասին: Դու պետք է ուժեղ լինես։ Բայց ես ուղղակի զգում եմ, որ երբ վերջապես իմացա ամեն ինչ և բացահայտ հայտարարեցի այդ մասին, վախս վերացավ» – խոստովանել է Սելենան։

Երգչուհին խոստովանել է, որ ախտորոշումը լսելուց հետո միևնույն ժամանակ վախեցել և ուրախացել է։ «Այո, ես վախեցա, քանի որ վարագույրը հանվեց գաղտնիքի վրայից, բայց ես իսկական թեթևություն զգացի, քանի որ վերջապես պարզեցի, թե ինչու եմ երկար տարիներ տառապում ընկճվածությունից և անհանգստությունից»: