Գերմանիայում մոտ 500 մարդ սոցիալական հեռավորությունը պահելու համար համերգի է մասնակցել մեքենաներով

Գերմանիայի Շյուտորֆ քաղաքի գիշերային ակումբներից մեկը համերգ է կազմակերպել, որին հարյուրավոր մարդիկ կորոնավիրուսով չվարակվելու համար մասնակցել են սեփական մեքենաներով, հայտնում է Daily Mail պարբերականը։

Ամիսներ շարունակ գերմանական այս քաղաքի բնակիչները կորոնավիրուսի համավարակի պատճառով զրկված են եղել իրենց սիրելի զբաղմունքից, այն է՝ գիշերային համերգների և խնջույքների մասնակցելուց և կենդանի ակումբային երաժշտություն վայելելուց։ Սակայն Club Index անունը կրող ակումբի աշխատակիցներն այս խնդրին լուծում են գտել՝ հսկայական կայանատեղիում կազմակերպելով համերգ, որին «մասնակցել է» 250 մեքենա՝ ներսում առավելագույնը երկու անձով։

Այս կերպ մարդիկ կենդանի ակումբային երաժշտություն են վայելել, սակայն սոցիալական հեռավորությունը պահելու նպատակով չեն լքել մեքենաները։ Խելահեղ համերգի կադրերը հրապարակվել են սոցցանցերում և նորարարական այս մոտեցմամբ հիացրել ակումբային երաժշտության սիրահարներին ու գնահատողներին։

Տեսանյութում երևում է, որ համերգն էլ ավելի արտառոց է դարձել մեքենաների լույսերի և ազդանշանների շնորհիվ։