«Ենթադրում եմ, որ արդեն մամա կլինեմ»․ Մարինա Գրեգի 32-ամյակն ու ամուսնու գեղեցիկ անակնկալը

Համավարակի հետևանքով այս տարի գարնան բոլոր հոբելյարները ստիպված էին բավարարվել միայն օնլայն շնորհավորանքներով։
Առանց ընկերների, առանց մեծ խնջույքի, պարերի ու երգերի․ ահա, այսպիսին էին այս գարնան գրեթե բոլոր ծննդյան տոները, սակայն հաղորդավարուհի Մարինա Գրեգի  32-ամյակը բացառություններից էր։ Նրա ամուսինը թույլ չտվեց, որպեսզի այդ կարևոր օրը Մարինայի համար անցնի ձանձրալի և տխուր։

«Կարանտինը, իհարկե, իրենն արեց․ ընկերներիս չտեսա, փոխարենը՝ ամուսնուս հետ մեկնեցինք Տաթև և հրաշալի օր անցկացրինք, իսկ հաջորդ օրը ամուսնուս և իմ ընտանիքի հետ նշեցինք տանը՝ ընտանեկան միջավայրում»,- կարևոր օրվա հիշողություններով կիսվում է Մարինան։

Հիշելով նախորդ ծննդյան տոները՝ Մարինան խոստովանում է, որ երբեք չի մոռանա իր 31-ամյակը։
«Ամենայուրահատուկն անցյալ ծնունդս էր, երբ ամուսնության առաջարկություն ստացա. անակնկալը ստացված էր, ինչ խոսք։
Իսկ նվերն արդեն ինքնին հաճելի բառ և երևույթ է, ես սիրում եմ նվերներ՝ ցանկացած տեսքով, բոլորն էլ հաճելի են»,-ասում է Մարինան։

Հաղորդավարուհին նշեց, որ այս պահին իր գլխավոր ցանկությունը հարազատներին առողջ տեսնելն է, իսկ տորթի մոմերն էլ փչելիս երազանք այս տարի չի պահել։
Հետհայացք գցելով՝ Մարինան նկատում է, որ տարիների հետ ավելի հադուրժող է դարձել, և դա համարում եմ մեծ ձեռքբերում։

Թե ինչպիսին է իրեն պատկերացնում մի քանի տարի անց, Մարինան պատասխանում է․ «Ենթադրում եմ, որ արդեն մամա կլինեմ, սիրված ու սիրելի կին և մայր, լավ ծնող և հաջողակ աշխատանքում»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան