ԱՄՆ-ում երգիչները միացել են Ջորջ Ֆլոյդի մահից հետո անցկացվող ցույցերի մասնակիցների՝ հավասարության և ռասիզմի բացառման կոչերին

ԱՄՆ-ում երաժշտական աշխարհի առաջատար անուններից մի քանիսը մասնակցում են Blackout Tuesday-ին՝ միանալով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցների՝ երկրում արմատական փոփոխությունների, հավասարության և ռասիզմի բացառման կոչերին, գրում է The Independent-ը։

«Մենք սևամորթ համայնքի հետ միասին դեմ ենք ռասիզմի, ֆանատիզմի և բռնության բոլոր դրսևորումներին: Մենք պետք է պայքարենք ռասիզմի, մոլեռանդության և բռնության դեմ։ Այժմ, առավել քան երբևէ, պետք է օգտագործենք մեր ձայնը մեր շրջապատում անարդարությունների մասին խոսելու համար»,- ասել է Columbia Records-ի նախագահ Ռոն Փերին։

Sony Music, Universal, Interscope, Motown, Kobalt և շատ այլ երաժշտական ընկերություններ հետևել են Columbia Records-ի օրինակին։

Ռիհանան համալրում է այն երգիչների շարքը, որոնք իրենց մասնակցությամբ կաջակցեն ակցիայի մասնակիցներին։

«Հետևելով, թե ինչպես են իմ մարդկանց սպանում, սիրտս անասելի ցավով է լցվում»,- գրել է Ռիհանան:

Բեյոնսեն, իր հերթին, Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ երկրպագուներին կոչ է արել ստորագրել «Ջորջ Ֆլոյդի համար արդարություն» պահանջող հանրագիրը։

Մյուս աստղերի թվում են՝ Թինաշեն, Նիկ Քենոնը, Արիանա Գրանդեն, Հոլզին և այլք։