Մասնագետը նշել է՝ որքան ջուր է հարկավոր մարդու օրգանիզմին շոգ եղանակին

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շոգ եղանակին ինքնազգացողության վատթարացումից խուսափելու լավագույն միջոցներից մեկն է, սակայն քչերին է հայտնի, թե որքան ջուր է հարկավոր խմել օրգանիզմն ինչպես հարկն է խոնավացնելու համար։

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան «Вечерняя Москва»-ի հետ զրույցում նշել է, թե որքան հեղուկ է հարկավոր մարդու օրգանիզմին և ինչպես է հարկավոր ընդունել այդ հեղուկը։

Մասնագետի խոսքով՝ ջուրը հարկավոր է խմել պարբերաբար և քիչ քանակությամբ՝ խուսափելով միանգամից մեծ քանակությամբ ջուր խմելուց։ Բժիշկը նախազգուշացնում է, որ չափազանց մեծ քանակությամբ հեղուկը բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա, քանի որ օրգանիզմը կարող է հեշտությամբ յուրացնել միայն որոշակի քանակությամբ հեղուկ։

«Մոտ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ հարկավոր է մի կում ջուր խմել։ Միանգամից մեծ քանակությամբ խմելու դեպքում մենք ծանրաբեռնում ենք երիկամները», – նախազգուշացնում է Սոլոմատինան՝ նշելով նաև այն սկբունքը, որով որոշվում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը շոգ եղանակին։

Բժշկի խոսքով՝ միջինում մարդն օրվա ընթացքում պետք է օգտագործի 35 մլ ջուր մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Այս չափաբաժինը, սակայն, կարող է փոփոխվել որոշակի պայմանների դեպքում։ Օրինակ՝ դրսում աշխատելու և շատ քրտնելու դեպքում մարդը պետք է մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց օգտագործի 40 մլ ջուր, մինչդեռ օդորակիչով տարածքում գտնվելու և ջուր պարունակող մրգեր ու բանջարեղեն ուտելու դեպքում այս ցուցանիշը կարելի է նվազեցնել՝ հասցնելով 30 մլ-ի։

«70 կգ քաշով և դրսում աշխատող մարդու համար օրական անհրաժեշտ ջրի քանակությունը 2,8 լիտրն է, իսկ սովորական պայմաններում աշխատելու դեպքում՝ մոտ 2 լիտրը», – նշում է մասնագետը՝ հիշեցնելով նաև օրգանիզմի ջրազրկման վտանգի մասին, որը կարող է զարգանալ բավարար քանակությամբ ջուր չխմելու դեպքում։

Օրգանիզմի ջրազրկման մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են ընդհանուր թուլությունը, զարկերակային ճնշման անկումն ու մտքերի խառնաշփոթը։ Տարեցների մոտ ջրի պակասի դեպքում կարող են նկատվել դյուրագրգիռություն և խոսքի ու տեսողության վատթարացում։ Չափազանց լուրջ դեպքերում ջրազրկումը կարող է հանգեցնել ջղաձգումների, սպազմների, իշեմիայի նոպաների և անգամ սրտամկանի ինֆարկտի, ուստի հարկավոր է անպայման հետևել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությանն ու միջոցներ ձեռնարկել ջրազրկման առաջին իսկ ախտանշանի հայտնաբերման դեպքում։