«Շատ սիրուն ընտանիք եմ ունենալու»․ Հակոբ Հակոբյանը նշում է իր 32-ամյակը

Երգիչ Հակոբ Հակոբյանն այսօր՝ հունիսի 23-ին, նշում է իր 32-ամյակը։ Ցավոք, համաճարակն ու կարանտինային պայմաններն այսօր թույլ չեն տալիս մեծ ու շքեղ խնջույք կազմակերպել, սակայն անգամ այս դեպքում հնարավոր է տարվա մեջ այդ կարևոր օրը դարձնել հիշարժան ու անմոռանալի։
«Կարանտինը, իհարկե, խանգարում է։ Կարանտինն ինձ խանգարում է ապրել, ինչպե՞ս կարող է չխանգարել ծննդյանս օրը լավ կազմակերպելուն։ Ոչինչ չի ստացվում, քանի որ անհարմարությունները շատ են: Ամեն դեպքում ստիպված եմ մի բան կազմակերպել, հակառակ դեպքում ընկերներս մի բան կմոգոնեն անակնկալի տեսքով ու վատ կանցնի.. Այս պահին մտածում եմ Սևանի ափին մի քիչ ուրախանալու մասին, ավանդական խորովածի ու դրա շուրջ մի-մի բաժակ խմելու: Հնարավորինս անվտանգ ու քիչ մարդկանցով: Այ սա ամենադժվարն է իմ դեպքում»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է միշտ դրական ու հումորով Հակոբ Հակոբյանը, ով չնայած ստեղծված դժվար իրավիճակին՝ ամեն բանի մոտենում է լավատեսորեն:

Հակոբը նշում է, որ անկախ պայմաններից, իր ծննդյան տոները միշտ էլ հոյակապ են անցնում։
«Կհավատա՞ք՝ բոլոր ծննդյան տոներս լավ են անցել, ու բոլորը միշտ ասում են․ «Ինչպես միշտ քո ծնունդն ամենալավն է անցնում»:
Միշտ կազմակերպում եմ վեջին պահին՝ մեկ կամ երկու օր առաջ: Երևի նրանից է, որ մտածում եմ և՛ համեղ սննդի, և՛ ուրախանալու, և՛ տարածքային ճիշտ ընտրության մասին»,- կիսվում է երգիչը։

Չնայած, որ արտիստն այդքան մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում իր ծննդյան տոնի կազմակերպմանը, Հակոբը միաժամանակ նշում է, որ այդքան էլ չի սիրում այդ օրը։
«Ես, ինչպես և շատերը, իմ ծննդյան օրը չեմ սիրում: Ոչ թե նրա համար, որ մեծանում եմ, չէ՛, ամեն տարիք իր լավ կողմերն ունի, այլ նրա համար, որ մի տեսակ շատ է ուշադրությունը իմ շուրջ, և որ ես պետք է այնպես անեմ, որ բոլորին իմ կազմակերպած խնջույքը դուր գա, բոլորն ուտեն, ուրախանան, լավ անցկացնեն… Դա ահռելի աշխատանք է»,- խոստովանում է երգիչը:

Հակոբը նաև նշում է, որ սիրում է իր տարիքը և ծերությունն իրեն չի վախեցնում․ «Ես սիրում եմ ինձ ամենաշատը հենց հիմա, հենց այս տարիքում, քանի որ որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ բան եմ իմանում ես»։

Իհարկե, ծննդյան ամենակարևոր ատրիբուտներից մեկը նվերն է։ Հակոբը պատմում է, թե ինչ կցանկանար ստանալ ու նաև նշում է իր համար ամենայուրահատուկ նվերների հեղինակներին։
«Սիրում եմ նվերներ ստանալ, բայց ինձ նվիրելու պահն ավելի հարազատ է։ Մի տեսակ անհարմար եմ զգում այդ պահին, բայց հետո ուրախանում եմ, հատկապես, եթե այդ նվերն ինձ պետքական մի բան է լինում: Թող ներեն ինձ շատերը, բայց հիմնականում, դա այդպես չի լինում:
Կա մի քանի նվեր, որոնք իհարկե, շատ եմ կարևորում: Հիմնականում մորս, հորս, քրոջս ու իմ ընտանիքի կողմից նվերներն են։ Ու մորաքույրս, որ միշտ կանաչ գույնի նվերներ է ուղարկում Ամերիկայից»,- ժպիտով ասում է երգիչը:

Իր գլխավոր երազանքին անդրադառնալով՝ Հակոբ Հակոբյանը խոստովանում է․ «Երազում եմ նորից սկսեմ երազել, որպեսզի նորից կառուցեմ նպատակներս, որպեսզի չշեղվեմ ճանապարհից, որը կար իմ առջև դրված ու շարունակեմ հավատալով գնալ դեպի դա»:

Իր խոսքը եզրափակելով՝ Հակոբ Հակոբյանը պատմում է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 5-10 տարի անց․ «Միակ բանը, որ գիտեմ դա այն է, որ շատ սիրուն ընտանիք եմ ունենալու՝ կին ու երեխաներ, ու դա լինելու է իմ կյանքի ամնամեծ ձեռքբերումը: Բայց չեմ կարծում, որ դրան 5 կամ 10 տարի կսպասեմ… Դա կլինի շատ ավելի շուտ:
Իսկ ավելի ուշ ես, պարզապես, սիրելու եմ նրանց բոլորին ու ամեն օր երջանկանալու եմ նրանցով:
Գործնական առումով էլ չգիտեմ՝ ինչ կլինի, թող մարդիկ որոշեն. ինչպես ինձ բերեցին այս ասպարեզ, թող այդպես էլ մտածեն՝ ինչքան պետք է ես մնամ: Ես կմնամ ու կշարունակեմ այնքան, ինչքան որ նրանք կուզեն»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան