«GG եմ միացրել, հենց կպնում է՝ ուրախ վազում եմ, քշում եմ».Մանվել Խաչատրյանը՝ նոր աշխատանքի և թատրոնի մասին

Օրեր առաջ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները մշակութային գործիչների հետ համատեղ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները։ Սակայն ի տարբերություն նրանց՝ երգիչ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Մանվել Խաչատրյանն իր էջում հրապարակում էր արել՝ գրելով․ «Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով՝ խնդրում եմ համբերություն ունեցեք, ճիշտ գնահատեք պահը, կորոնավիրուսը աղետ է, ոչ մեկ իր հոպարի տանից չի բերել վիրուսը:

Իսկ աղետի պայմաններում միտինգ անելը, կարծում եմ՝ վնասարար է մեր երկրի ապագայի համար, ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից, ինքս էլ վարձով եմ ապրում (բայց 55 հազարանոց համեստ բնակարանում ոչ թէ 150000-ում) ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել, տաքսի եմ քշում), կներեք բայց ոչ մեկիդ էլ ինձնից վեր չեմ դասում, օրինակ 88-ի երկրաշարժից հետո ոչ մեկ ռեստորան բացել չէր տալիս, չէ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում, եթե շատ դժվար ա, հաշվեհամար ուղարկեք՝ մեկս մյուսիս օգնենք մինչև դուրս գանք այս աղետալի իրավիճակից։
Հ Գ էս սաղ սիրելով ու հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք, որ ռեստորանից բացի ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։ Ձեր Մավ»:

Showbiz.am-ը կապվեց Մանվելի հետ ու մի շարք հետաքրքիր մանրամասներ պարզեց, թե՛ նրա նոր մասնագիտության, թե՛ նրա ապագա ծրագրերի վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում դերասանն արտահայտեց իր զարմանքը՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող են մարդիկ բողոքի ակցիա կազմակերպել աղետի դեմ։  «Դա նույնն է, որ փոթորիկ լինի, դուրս գանք միտինգ անենք»,-ասաց Մանվելը՝ հորդորելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոններն ու սպասել, մինչև այս դժվար ժամանակները կավարտվեն։

Մանվելը խոստովանեց, որ կարանտինի ավարտից հետո մի շատ կարևոր ծրագիր ունի, որն անպատճառ կիրականացնի․«Հենց կարանտինն ավարտվի կպնելու ենք գործին ու ներկայացումներ խաղանք։ Երազում եմ, ճիշտն ասած, ֆիլմ նկարել։ Այդ երազանքը միշտ կա։ Ինձ մոտ միշտ երազանքը մնում է, տանջում է ինձ, հետո դառնում է  իրականություն։ Ուզում եմ փոքր ֆիլմ նկարել մեր քաղաքի մասին, Գյումրու մասին, մեր նիստուկացի ու կոլորիտի մասին։ Չգիտեմ՝ որքանով կստացվի։ Այն գեղարվեստականի ու փաստագրականի միասնություն է լինելու։ Հետո ևս մեկ միտք ունեմ․ վերջերս, որ մարդկանց մեքենայով վերցնում եմ, ամեն մեկը պատմում է իր դարդն ու ցավը։ Ցանկանում էի տեսախցիկ տեղադրել ու տարբեր գյուղերի, քաղաքների մարդկանց պատմությունները, եվրոպացիների տպավորությունները հավաքել ու ներկայացնել։ Չգիտեմ՝ որքանով կիրականանա, բայց իրականանալու է, ժամանակ է պետք»։

Ֆինանսների մասին խոսելով՝ Մանվելն ասում է․ «Կարծում եմ՝ ես ֆինանսների հետևից դժվար ընկնեմ, գուցե հեռախոսս վերցնեմ ու նկարեմ, իմ դերասան ընկերներն էլ սիրով կհամաձայնեն»։
Սակայն Մանվելը մի մտավախություն ունի, որը կարող է խանգարել այս ծրագրի իրականացմանը․ «Կարծում եմ, եթե թատրոնը բացվի, կրկին խրվելու եմ մեջը»,-ասում է նա։

Նշենք, որ Մանվելն, իսկապես, տաքսի է վարում, ու հավատացնում է, որ դա շատ լավ մասնագիտություն է։
«GG եմ միացրել, հենց կպնում է՝ ուրախ վազում եմ, քշում եմ»,- պատմում է Մանվելը։

Դերասանը նաև հիշում է դեպքեր, երբ հաճախորդները ճանաչում են իրեն և ուրախանում են․ «Դե, դիմակով եմ լինում, ու շատերը չեն ճանաչում, ձայնից են ճանաչում։ Մի աղջիկ նստեց վերջերս, ու ասաց․ «Վայ, Դուք Ստանիսլավսկու դերասաններից եք»։
Զարմացա, որովհետև դիմակով ու գլխարկով էի։ Ասաց, որ ձայնիցս ճանաչեց։ Այդպիսի դեպքեր շատ են լինում, շատ հետաքրիքր է, տարբեր մարդիկ են նստում՝ տարբեր մասնագիտություններով։ Շատ հետաքրքիր աշխատանք է և ռեժիսորի համար էլ՝ շատ օգտակար»։

Մանվելը նաև պատմում է, թե ինչ ծրագրեր ուներ, որոնք հետաձգվեցին կարանտինի հետևանքով․ «Մենք արդեն սկսել էինք նոր ներկայացման փորձերը, բայց Դաստոևսկու ստեղծագործության հիման վրա ներկայացումը կարանտինի պատճառով վերածվեց վիդեոտարբերակի և հեռարձակվեց մեր թատրոնի կայքով։ Ինձ թվում է՝ հետաքրքիր էքսպերիմենտ ստացվեց, բայց գիտեք՝ թատրոնը կենդանի շփում է սիրում»։ 

Իր խոսքը Մանվել Խաչատրյանը եզրափակեց՝ նշելով, որ հիմա մի շարք ծրագրեր է իրականացնում․ իր գործընկեր Լիլյա Մուկուչյանի հետ մոնոներկայացում է շուտով բեմադրելու, որտեղ ինքը հանդես է գալու որպես ռեժիսոր։ Փորձերն անցնում եմ Zoom-ով:
Մանվել Խաչատրյանն այս ժամանակահատվածում նաև աշխատում է  Սլավոմիր Մրոժեկի «Ամառային օր» ներկայացման վրա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան