Արսեն Գրիգորյանը` նոր տեսահոլովակի, սպասվող անակնկալի և կարանտինի մասին

«Հայ երգասանները» Արսեն Գրիգորյանի հետ երաժշտասերների դատին ներկայացրին իրենց նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանի «Որ Սարերը Մեր Չմնան Անտեր» երգի հիման վրա՝ նվիրելով հայոց հզոր բանակին ու մեր հերոս տղաներին:
Showbiz.am կայքի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը պատմում է նոր տեսահոլովակի և երկրպագուներին սպասվող անակնկալի մասին:

Պատմելով, թե ինչպես առաջացավ տեսահոլովակը նկարահանելու մտահաղացումը՝ Արսեն Գրիգորյանն ասում է. «Ճիշտն ասած, Ռուբեն Հախվերդյանի հեղինակային այս երգը շատ հզոր երգ է և միշտ ցանկացել եմ կատարել: Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության մեջ շատ մեծ և հզոր ոգի ու արժևորում կա նվիրված այն տղաներին, ովքեր իրենց կյանքն են նվիրել, որ մեր սարերը չմնան անտեր:Ես միշտ մտածում էի, որ պահպանելով երգի բնույթն ու ոգին՝ պետք է նորովի գործիքավորել և ներկայացնել այն մեր ժողովրդին: Այնպես եղավ, որ սկզբում պետք է երգեին միայն իմ սաները` «Հայ երգասանները».Գառնիկ Գևորգյանը ,Դավիթ Խաչատրյանն ու Հայկ Ավետիսյանը , սակայն տղաները խնդրեցին, որ ես էլ մասնակցեմ ու կարծում եմ, որ վատ չեղավ»: Երգի նոր մեկնաբանության գործիքավորումն իրականացրել է Հայկ Նավասարդյանը,իսկ տեսահոլովակի օպերատորը Անդրան Մանթաշյանն է (SEDUCATION studio):

Տեսահոլովակում օգտագործվել են բացառիկ կադրեր, որոնք ստեղծագործական խումբն օգտագործել է ՝օգտվելով համացանցում տարածված տարբեր աղբյուրներից:
«Տեսահոլովակում անդրադարձել ենք մեր Հայոց Բանակի Արցախյան ազատամարտին , ապրիլյան պատերազմին ՝հասնելով մինչև մեր օրեր՝ Տավուշի Հայոց Բանակի պաշտպանական ու պատժիչ գործողություններին: Մեր բանակի հետ կապված տեսագրությունների օգտագործման համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր հեռուստաընկերություններին , հեռուստահաղորդումներին , խմբագրություններին , անհատ ռեժիսյորներին ու օպերատորներին»,- նշում է Արսենը:

Արսեն Գրիգորյանը նաև պատմեց, որ կարանտինի ավարտից հետո նորություն է պատրաստել իր երկրպագուների համար. «Պատրաստել եմ Աշուղ Հավասու «Էն քո սերն է յար» երգը նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ. ամեն բան համարյա պատրաստ էր տեսահոլովակի նկարահանման համար , բայց դադարեցրինք, որովհետև հոլովակը պետք է նկարահանեինք քաղաքում, ժողովրդի մասնակցությամբ և դժբախտաբար համաճարակը խանգարեց , բայց կարծում եմ որոշ ժամանակ անց ամեն ինչ կընկնի իր տեղն, ու կշարունակենք մեր աշխատանքը»:

Արսեն Գրիգորյանը նաև անդրադարձավ կարանտինին` հայտնելով, թե որքան ծրագրեր ուներ, որոնք հետաձգվեցին կամ չեղարկվեցին կարանտինի պատճառով. «Իրականում ինչպես բոլորը, այնպես էլ ես: Ուղղակի մեր ոլորտի հետ կապված բավականին մեծ վակում եղավ, քանի որ մեր աշխատանքը կապված է մեր և ժողովրդի անմիջական հաղորդակցության հետ: Ու քանի որ համաճարակի պատճառով հաղորդակցությունն այսպես սահմանափակվեց, մենք հիմա, կարող եմ ասել, որ աշխատանք չունենք: Սակայն միևնույն ժամանակ, այս ընթացքում տեսահոլովակը ստեղծեցինք, քանի որ շատ կարևոր է, որպեսզի մենք մեր վերաբերմունքն ունենանք մեր բանակի հանդեպ, մեր արժևորման ու երախտիքի խոսքն ասենք մեր զինվորներին ու զինվորականներին, մեր հզոր բանակին, մեր անվտանգության երաշխավորին: Այս ժամանակահատվածում, երբ հնարավոր չէր աշխատել, փորձեցինք իրականացնել այս նախագիծը: Կարանտինից հետո կնկարահանենք տեսահոլովակը: Մի քանի համերգներ ունեի Հայաստանում, Շվեդիայում, նաև Բելգիայում, և հույս ունեմ, երբ այս ամենն անցնի,կսկսենք իրականացնել այդ ծրագրերը»:

Եզրափակելով իր խոսքը` երգիչը կոչ է անում հայրենակիցներին լինել միասնական և համերաշխ . «Մենք բոլորս, հատկապես մշակույթի ու արվեստի հետ կապ ունեցողները, պետք է մեր ուշադրության կենտորնում պահենք մեր բանակն ու միասնականության, սիրո և համերաշխության կոչ անենք մեր ժողովրդին: Մեր հզոր ու քաջարի Զինվորի թիկունքը պետք է ամուր լինի, միասնական, միակամ և հայրենիքն ու ազգային տեսակը սիրող հասարակությունով»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան