Միլիարդատերեր, ովքեր ունեն շքեղ մեքենաների ամենամեծ հավաքածուներն աշխարհում (լուսանկարներ)

Մեծահարուստները լյուքս դասի մեքենաների մեծ սիրահար են. նրանցից շատերը կարող են պարծենալ իրենց տպավորիչ հավաքածուներով, որոնցում ներառված մեքենաների ընդհանուր արժեքը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի:

Luxury Launches կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել այս թեմային՝ ներկայացնելով աշխարհում լյուքս դասի մեքենաների ամենամեծ հավաքածուներն ունեցող միլիարդատերերին:

Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուքեշ Ամբանիի՝ Մումբայում գտնվող ահռելի առանձնատանը կա ավտոտնակ, որում միլիարդատերը պահում է 168 մեքենա: Ավտոտնակը զբաղեցնում է առանձնատան առաջին վեց հարկերը: Հավաքածուում կան Rolls-Royce Cullinan, Bentley Bentayga մոդելներ: Դրա ամենաթանկարժեք նմուշը 1,4 մլն դոլարանոց BMW 760i-ն է:

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը, որը երկիրը ղեկավարում է 1967թ. և այս ընթացքում կուտակել է 20 մլրդ դոլարի կարողություն, ունի 4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մեքենաների հավաքածու: Դրանում ներառված է մոտ 5000 շքեղ փոխադրամիջոց, այդ թվում՝ Rolls-Royce, McLaren F1, ինչպես նաև աշխարհում միակ աջ ղեկով Mercedes-Benz CLK GTR-ը:

Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Համադ բին Համդան Ալ Նահյանը, որն ունի ավելի քան 20 մլրդ դոլարի կարողություն, սիրում է գնել մեքենաների նույն մոդելների տարբեր գույները: Նա մեքենաները պահում է մետաղական բուրգի մեջ, որը զուգահեռ ծառայում է որպես Մեքենաների ազգային թանգարան: Դրանում ներառված է 200 դասական և էքսկլյուզիվ մոդել:

Բահրեյնում բնակվող գործարար Խալիդ Աբդուլ Ռահիմը մյուս մեծահարուստներից տարբերվում է նրանով, որ իր տպավորիչ հավաքածուն համալրում է միայն ժամանակակից և գերառաջադեմ մոդելներով, ինչպիսիք են Lamborghini Miura-ն, Porsche GT1-ը, Mercedes-Benz CLK GTR-ը:

Սաուդյան Արաբիայի արքայազներից Թուրկի բին Աբդուլլահ ալ Սաուդը սիրում է իր առանց այդ էլ շքեղ մեքենաները ոսկեզօծել: Նրա հավաքածուում կա կես մլն դոլար արժողությամբ Mercedes-Benz G63 AMG 6X6 և Lamborghini Aventador SuperVeloce: