Ալեքսիս Օհանյանը խոսել է Սերենա Ուիլյամսի հետ ամուսնանալու և իրենց դստեր ապագայի հետ կապված հույսերի մասին

Ալեքսիս Օհանյանը CNN-ի հետ զրույցում ներկայացրել է դստեր ապագայի հետ կապված մտորումներն ու հույս հայտնել, որ երբ նա արդեն չափահաս լինի, աշխարհն ավելի լավը դարձած կլինի:

Թեև փոքրիկ Օլիմպիան դեռ 3 տարեկան էլ չկա, նրա ծնողները մտահոգվում են հետագայում այն խնդիրների վերաբերյալ որոնց կարող է բախվել երիտասարդ, սևամորթ կինը:

Եթե Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը որոշի ծրագրավորում սովորել և աշխատել տեխնոլոգիական ոլորտում, ապա հայրը, որը Reddit սոցցկայքի համահիմնադիրն է, կուղորդի նրան: Իսկ եթե աղջիկը ցանկություն ունենա սպորտով զբաղվելու, ապա նրան կաջակցի մայրը՝ աշխարհի լավագույն և ամենահայտնի թենիսիստուհիներից մեկը՝ Սերենա Ուիլյամսը:

«Օլիմպիան չի անցնի այն նույն բաների միջով, ինչի միջով ստիպված է եղել անցնել Սերենան աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Երբ Օլիմպիան փոքր-ինչ ավելի մեծ լինի, կցանկանայի նստել սեղանի շուրջ և գիտակցել, որ նույնպես կատարել եմ գործի իմ մասը»,- ասել է Օհանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է փոխվել իր կյանքն ամուսնությունից հետո:

Օհանյանն ու Ուիլյամսն ամուսնացել են 2016 թվականին, որից մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը: