Մաուրիցիո Գուչիի սպանության մասին քրեական դրամայում խաղալու համար բանակցություններ են ընթանում Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Ջարեդ Լետոյի հետ

Լեգենդար ռեժիսոր Ռիդլի Սքոթը, որը Gucci նորաձևության տան հիմնադրի թոռ Մաուրիցիո Գուչիի սպանության մասին քրեական դրամա կնկարահանի, այս փուլում զբաղվում է դերասանական կազմի ընտրությամբ։

Ինչպես հաղորդում է Deadline-ը, երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան արդեն պայմանագիր է ստորագրել Gucci գերդաստանի սպանված ժառանգորդի կնոջ դերը կերտելու համար։ Դերասանական կազմը համալրելու համար MGM ամերիկյան մեդիաընկերությունն այժմ բանակցություններ է վարում դերասաններ Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Ջարեդ Լետոյի, Ադամ Դրայվերի, Ջեք Հյուսթոնի և Ռիվ Քարնիի հետ։

MGM-ը նախատեսում է արտադրությունը սկսել Սքոթի՝ «Վերջին մենամարտը» (The Last Duel) դրամատիկ ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո։

Հաղորդվում է, որ Գուչիի սպանության մասին ֆիլմի սցենարը գրել է Ռոբերտո Բենտիվենյան և հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը․ սպանության սենսացիոն պատմություն, խելագարություն, հրապույր և ագահություն» (The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed) գրքի վրա:

Սքոթը որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես կգա կնոջ՝ Ջանինա Սքոթի հետ։