Մայքլ Ջորդանի Mercedes-Benz-ը վաճառվել է 202 200 դոլարով

1996 թվականի արտադրության Mercedes-Benz S600-ը, որը սկզբնապես պատկանել է ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին լեգենդար խաղացող Մայքլ Ջորդանին, վաճառվել է 202 200 դոլարով:

Ինչպես հայտնում է Fox News-ը, մեքենան վաճառվել է Ebay-ով: Ջորդանին այդ մեքենան վարելիս կարելի է տեսնել ամերիկյան ESPN հեռուստաալիքի նկարահանած The Last Dance («Վերջին պարը») վավերագրական սերիալում, որը ներկայացնում է մարզիկի կարիերայի ավարտի ժամակահատվածը «Չիկագո Բուլզ»-ի կազմում:

V12 շարժիչով համալրված մուգ կապույտ կուպեն նաև ներկառուցված հեռախոս ունի, որի էկրանին պատկերվում է «Ջորդան» գրությունը:

Մեքենան աճուրդին ներկայացված է եղել 150 000 դոլար նախնական արժեքով, թեև շուկայական գինը կկազմի 12 000 դոլար: