10 սովորություն, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են տարատեսակ սննդակարգերի ու ֆիզիկական ակտիվության միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ գործադրած ջանքերը բավական չեն լինում ճարպի մակարդակն օրգանիզմում նվազեցնելու համար, ուստի քաշը շարունակում է մնալ կայուն։

Որոշ դեպքերում քաշի ավելացման պատճառը լինում են տարատեսակ հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում դիմել բժշկին, սակայն եթե քաշը չի նվազում անգամ առողջական խնդիրների ու խանգարումների բացակայության դեպքում, ապա պարզապես հարկավոր է վերանայել առօրյա սովորությունները, քանի որ դրանցից որոշները կարող են խոչընդոտել քաշի նվազման գործընթացին։

Սննդաբան Անդրեյ Նևսկին ներկայացրել է ամենատարածված սովորությունները, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից, իսկ երբեմն էլ հանգեցնում են քաշի ավելացման։

Ազատվել հույզերից սննդի միջոցով

Բացասական հույզերի դեպքում մարդիկ փորձում են բարելավել իրենց տրամադրությունը համեղ սննդի միջոցով, սակայն հարկ է հիշել, որ այս սովորությունը կարող է շատ վնասակար լինել կազմվածքի համար։ Նման դեպքերում հարկավոր է կամքի ուժ ցուցաբերել ու խուսափել սննդից կամ պարզապես դեն նետել նման մթերքը սթրեսի դեպքում։

Նորմայից շատ սնվել անգամ քաղցած չլինելու դեպքում

Շատ հաճախ տարբեր խնջույքների կամ ընդունելությունների ժամանակ մարդիկ որևէ բան են ուտում անգամ քաղցած չլինելու դեպքում, քանի որ չեն ցանկանում վիրավորել տանտիրուհուն, սակայն հարկ է հիշել, որ այս սովորությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ քաշի զգալի ավելացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել հրաժարվել սննդից քաղցած չլինելու դեպքում։

Ուտել սնունդը դեն չնետելու համար

Շատերը գերադասում են ուտել մթերքն այն դեն չնետելու համար, սակայն ոչ բոլորն են հաշվի առնում, որ այդ սովորության պատճառով օրվա ընթացքում բավական շատ ավելորդ կալորիա են ստանում, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման։

Պարբերաբար թեթև քաղցը որևէ բանով հագեցնել

Այս սովորությունը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ, ուստի դրանից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել։ Նախ հարկավոր է պարզել՝ արդյոք այն պայմանավորված է քաղցով, թե պարզապես վատ սովորություն է։ Եթե խնդիրը քաղցի մեջ է, ապա հարկավոր է լիարժեք սնվել նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամանակ, իսկ եթե այն պարզապես սովորություն է, ապա հարկավոր է ազատվել դրանից ու դադարել ավելորդ սնունդ օգտագործել։

Առաջինն աղանդերն ուտել

Դատարկ ստամոքսին քաղցր մթերք ուտելը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման ու նույնքան կտրուկ անկման, իսկ նման տատանումները միայն էլ ավելի են սրում քաղցի զգացումը՝ ստիպելով նորմայից շատ ուտել, ինչն էլ թույլ չի տալիս ազատվել ավելորդ քաշից։

Քաղցրավենիքն ընկույզներով ու չրերով փոխարինել

100 գրամ ցանկացած տեսակի ընկույզում պարունակվում է ավելի քան 500 կկալ։ Ավելին՝ բավական բարձր կալորիականություն ունեն նաև չորամրգերը, ուստի դրանք նույնպես անվնաս չեն կազմվածքի համար։ Ընդ որում՝ որպես կանոն մարդիկ բավական շատ չիր ու ընկույզներ են օգտագործում, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակությամբ ավելորդ կալորիա են ստանում, որոնք էլ վերածվում են ճարպաշերտերի։ Սա է պատճառը, որ վնասակար համարվող ու բարձր կալորիականություն ունեցող քաղցրավենիքը առողջարար ընկույզներով ու չորամրգերով փոխարինելը կարող է շատ վատ անդրադառնալ կազմվածքի վրա։

Փորձել ընդունած ավելորդ կալորիաներն այրել սպորտի միջոցով

Շատ հաճախ մարդիկ սննդակարգում սահմանափակումներ չեն մտցնում, քանի որ վստահ են լինում, որ մարզումները կօգնեն այրել ավելորդ կալորիաները, սակայն այս սովորությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Հազվադեպ սնունդը չարաշահելու դեպքում կարելի է նորմայից շատ մարզվել ու այրել ավելորդ կալորիաները, սակայն սա սովորություն դարձնելը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ սպորտը չարաշահելը լուրջ սթրես է դառնում օրգանիզմի համար։

Կազմակերպել բեռնաթափման օրեր

Բեռնաթափման օրերը կարող են շատ արդյունավետ լինել թունավորումների դեպքում աղեստամոքսային տրակտը մաքրելու համար, սակայն չեն օգնի պայքարել ավելորդ քաշի դեմ։ Բանն այն է, որ պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպելը բարձրացնում է մյուս օրերին նորմայից շատ ուտելու հավանականությունը, ինչի հետևանքով այդ օրվա ընթացքում կորցրած քաշը շատ արագ վերականգնվում է։

Սնվելիս ուշադրությունն այլ բանի վրա կենտրոնացնել

Շատերը սնվելիս սիրում են հեռուստացույց դիտել կամ որևէ այն բանով զբաղվել, մինչդեռ այդ ընթացքում ուշադրությունը որևէ այլ բանի վրա կենտրոնացնելը շատ վատ է անդրադառնում կազմվածքի վրա։ Այս սովորությունը թույլ չի տալիս գիտակցել, թե որքան սնունդ է մարդն օգտագործել, ինչը հանգեցնում է ավելորդ կալորիաների գործածության։

Ամենօրյա սննդակարգում ալկոհոլ ներառել

Ալկոհոլը բավական բարձր կալորիականություն ունի, ուստի այս սովորությունը կարող է դառնալ ավելորդ քաշի կուտակման պատճառ։ Բացի այդ, ալկոհոլը վնասակար է ոչ միայն կազմվածքի համար, այլև ամբողջ օրգանիզմի, քանի որ բացասաբար է անդրադառնում առողջական վիճակի վրա։