Չեդվիկ Բոուզմանի մահվան մասին գրառումը Twitter-ի պատմության մեջ ամենահայտնի հրապարակումն է դարձել

Twitter-ը հայտնել է, որ ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանի մահվան մասին գրառումը սոցկայքի պատմության մեջ ամենահայտնի հրապարակումն է դարձել․ օգոստոսի 30-ի առավոտյան տվյալներով՝ այն 6․4 միլիոն հավանում է ստացել:

Հավանումների թվով նախորդ անգամ թվիթերյան հարթակում ռեկորդ է սահմանել Բարաք Օբամայի՝ 2017 թվականին կատարած հրապարակումը, որում նա խոսել էր ռասսայական խտրականության մասին։

Հաղորդվում է, որ 4 տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: Նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում:

Բոուզմանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011),  «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ»  (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում:

Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում: