Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան

Հանրահայտ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած մարտական գործողություններին, իր աջակցությունն է հայտնել մեր բանակին, քաղաքացիներին և բոլոր նրանց, ովքեր պայքարել ու պայքարում են մեր երկրի անվտանգության համար:

Ջութակահարը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է, որ հետևում են պատերազմական գործողություններին, որոնք այժմ, ցավոք, տեղի են ունենում Հայաստանում։ «Հենց հիմա Արցախը (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանը հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Թիրախավորվում են բանակը, խաղաղ բնակիչները, գյուղերն ու քաղաքները։ Մենք դատապարտում ենք այս ոճրագործությունները և մեր անմնացորդ աջակցությունն ենք հայտնում մեր բանակին, քաղաքացիներին…»,-գրել է Խաչատրյանը:

Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախում և Հայաստանում իրականացրած հանցագործությունները միջազգային դատապարտման արժանանան:

«Այս հարթակը կօգտագործվի տեղի ունեցող իրադարձությունների մասին հնարավորինս շատ մարդկանց իրազեկելու համար: Շնորհակալ ենք, որ կարդում ու տարածում եք»,-եզրափակել է ջութակահարը:

Խաչատրյանը գրառման վերջում օգտագործել է #StrongArtsakh #artsakh #StopAzerbaijaniAggression #StopAliyev #NKpeace հեշթեգերը: