«Մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում». Սերգեյ Խաչատրյան

Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նոր գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում՝ միջազգային հանրությանը հորդորելով հնարավորինս շատ բարձրաձայնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի մասին:

«Առ այսօր միջազգային և քաղաքական միջամտությունը գրեթե անտեսանելի է։ Չնայած, մեծ հաշվով, ես այլևս հույս չեմ դնում այսօրվա քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից, այնուամենայնիվ, ես հույսս դնում եմ մեզ նման անհատների վրա․ յուրաքանչյուր անձ տեղեկացնելու և արդարության ձայն բարձրացնելու ուժ և պատասխանատվություն ունի»,- գրել է երաժիշտը:

Ջութակահարը նշել է, որ չկա առավել ուժեղ շարժառիթ, քան ազգի գոյությունը պաշտպանելն է և հայրենի հողի համար կռվելը. «Ահա թե ինչու եմ համոզված, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում»:

Հետևորդներին նա տեղեկացրել է, որ Թուրքիան Ադրբեջանին բացահայտ կերպով է սատարում՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, սիրիացի վարձականներ և միջազգային ահաբեկիչներ. «Նրանք մինչ այսօր հրետակոծում են գյուղեր, քաղաքներ՝ թիրախավորելով Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչությանը։ Մենք բախվում և պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, պայքարում ենք տարածաշրջանի կայունության և մեր հայրենիքի և գոյության պաշտպանության համար: Թվում է, թե ավելի քան հարյուր տարի անց Թուրքիան վճռական է տրամադրված շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»:

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ սա համաշխարհային սպառնալիք է. «Մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետ: Ցավոք, միջազգային հանրությունը շարունակում է պասիվ մնալ։ Օրեցօր զոհերի թիվն աճում է, իսկ քաղաքները՝ փոշիանում»։

Երաժիշտը կարևորել է արտասահմանից նվիրատվությունները. «Դրանց միջոցով մենք կարող ենք աջակցել վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին, ընտանիքի անդամներ կորցրած երեխաներին, զինվորներին, որոնք բժշակական, սննդի, հագուստի և այլնի կարիք ունեն։ Ճակատագրական այս պահին Հայաստանն ունի ձեր օգնության կարիքը։ Ձեր բոլոր աապահով նվիրատվությունները կարող եք կատարել այս հղումով՝ https://www.himnadram.org/en»: