«Անունս Արցախ է»․ Շուշան Պետրոսյանը՝ նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայացրել է  «Անունս Արցախ է» նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։
Showbiz.am կայքի հետ զրույցում նա պատմել է երգի ու տեսահոլովակի մտահաղացման և նկարահանումների մասին։

«Երգն առաջացավ, որովհետև դրա կարիքը կար»,-պատմում է երգչուհին ու հավելում, – «Մի օրվա մեջ ստեղծվեց ամեն ինչ։
Միասին էինք Ավետ Բարսեղյանի հետ, մեր տանը խոսում էինք մտահոգված ու հետ գնալու ճանապարհին Ավետն արդեն սկսել էր էսքիզներն անել։ Ու գնալուց կես ժամ անց գրեց․«Երգիդ բառերը կան»։ Անմիջապես Արման Ղազարյանին դիմեցինք, ում հետ արդեն աշխատել ենք ու առավոտյան արդեն երգը պատրաստ էր։
Այսինքն այս ամենը բոլորիս պոռթկումն էր։ Բոլորիս սիրտը Արցախի հարցում բաբախում է նույնկերպ»։

Երգչուհին նաև նշեց, որ երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հիմնը, ոգին, շունչը։
Ես կանգնած եմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծման ակունքներում( այն ժողովրդի մեջ հայտնի է որպես 1000 դրամների նախագիծ), որը երեկ ստացավ իր երկրորդ շնչի համազարկը համերգի մեկնարկով։
Այս հիմնադրամը, ինչպես առաջ, մաքրամաքուր ու թափանցիկ աշխատել է՝ ծառայեցնելով հնարավորությունները զինվորների առողջության հարցերը  և պատերազմական խնդիրները լուծելու ու զոհված ազատամարտիկների ընտանիքների կարիքները հոգալու համար։
Այսինքն սա շատ կարևոր գործ անող ու արած հիմնադրամ է։ Այդ հիմնադրամի հիմնը դարձավ այս երգը բոլորիս միահամուռ համաձայնությամբ՝ և՛ իմ, և՛ Ավետի, և՛ Արման Սահակյանի։
Տեսահոլովակը նկարահանվեց հենց հիմանդրամի առաջարկով»։

Շուշան Պետրոսյանը նշում է, որ ռիսկային չէր կարանտինի ու համավարակի ընթացքում տեսահոլովակ նկարահանելը։
«Ռիսկային չէր, որովհետև միայն ես եմ եղել փակ թատրոնում։ Մասսայական չենք նկարահանել, աշխատել ենք անել ամեն բան մինիմալզիմի մեջ, որովհետև ասելու բան չկա, երգի խոսքերն ամեն բան ասում են»։

Թե արդյոք նա այս երգով նոր զարկ տվեց իր ստեղծագործական գործունեության նոր ալիքին, երգչուհին պատասխանում է։
«Իմ ստեղծագործական կյանքը բոլորովին կանգնած չէր, պարզապես, երբ համատարած քոթակման թիրախ ես դառնում, ոչ մեկ ոչ մի լավ բան չի ցանկանում նկատել։
Ճիշտն ասած դեռ ապագայի համար չունեմ ոչ մի ծրագիր,
բացի զինվորին ծառայելու ցանկությունից, բացի հաղթանակին նպաստող որևէ աշխատանք կատարելուց, որը արել եմ անում եմ ու էլի եմ անելու»,-ասում է նա։

Մեզ հետ զրույցը Շուշան Պետրոսյանը եզրափակում է զինվորին ուղղված իր կոչով։
«Ցավդ տանեմ զինվոր ջան, եղբայրս, տղաս, հարազատս, զգոն, ուշադիր եղիր, որովհետև թշամին խորամանկ է, դաժան է։
Մեր թշնամուն մերեր չեն բերել, սա հենց երգիս բառերն են։ Իսկ մենք տապանից ենք սերել ու մեր տարբերությունը հենց դա է, որ ամեն դեպքում հայն ազնվական ծագում ունի և խարդախություններ կարող է և չպատկերացնել իր երևակայության մեջ։
Դրա համար, տղերք, զգոն եղեք, ձեր ցավը տանեմ, զգույշ, ոգով, արժանապատիվ։ Հաղթելու ենք»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան