«Մեզ ոչինչ չի հաղթի». Արցախյան 2-րդ պատերազմի մասին նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». «Unity Production»-ի թիմն այս անգամ նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը:
«Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,-  ասաց «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը : Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է »,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:

Հավելենք, որ երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:
Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:

«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը: