«Ուզում եմ, որ խաչատրյանական թրթիռները հիշեցնեն, թե որքան վսեմ կարող է լինել հայի ոգին». Հայկ Մելիքյան

Դաշնակահար Հայկ Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արամ Խաչատրյանի «Պոեմի» կատարումն ու անդրադարձել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին:

«Աշխարհը մոռանում է թույլերին ու պատմություն գրում այն ժողովուրդների մասին, որոնք փոխակերպել են իրենց ողբերգությունը համբերության ու կորովի։ Բոլորիս սիրտը, միտքն ու հոգին այրվում են մեր ընկած հերոսների համար, մենք պարտավոր ենք հանուն նրանց փոխել մեր կյանքն ու առօրյան, ախր շատ թանկ գին ենք վճարել դրա համար։ Այս գիտակցումով եմ ուզում յուրաքանչյուրս արթնանանք ամեն առավոտ ու, ի երախտիք ու խոնարհում մեր ընկած կյանքերի, լինենք միմյանց նկատմամբ բարի, հանդուրժող․․․ Մեզնից ոչ ոք օտար չէ մյուսին։ Ուզում եմ, որ խաչատրյանական թրթիռները հիշեցնեն, թե որքան վսեմ կարող է լինել հայի ոգին»,- գրել է նա: