«Արցախցի երեխաները հնարավորություն են ունեցել անվճար դիտելու ֆիլմը»․ Տիգրան Նալչաջյանը՝ «Դասարանցիները» ֆիլմի և որպես կամավոր պատերազմ մեկնելու մասին

«Դասարանցիները» ֆիլմը, որն այս տարվա միակ գեղարվեստական ֆիլմն է հայկական կինոշուկայում, պրեմիերայից օրեր անց արդեն իսկ ստիպված եղավ բախվել մի շարք անհաջողությունների՝ առաջին հերթին հենց կորոնավիրուսի տեսքով։

ShowBiz.am-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսել է «Դասարանցիներ»-ի պրեմիերայից հետո առաջացած բազմաթից դժվարությունների, ներկայիս ու ապագա ծրագրերի, ինչպես նաև Արցախյան պատերազմում իր մասնակցության մասին։

Ֆիլմը էկրան բարձրացավ մարտի 5-ին, այն ցուցադրվում էր բոլոր կինոթատրոններում։ «Ֆիլմն առաջին իսկ օրվանից արդեն շատ լավ արդյունքով ցուցադրվում էր, ու հանդիսատեսը շատ էր հավանում, քանի որ ֆիլմը շատ դրական, դաստիարակչական, մոտիվացնող նախագիծ է սիրո և ընկերության մասին։ Վստահորեն կարող եմ ասել, որ ֆիլմը հաջողություններ էր ունենալու, սակայն երբ վիճակը վատթարացավ, և մարտի 15-ից փակվեցին բոլոր կինոթատրոնները ու որոշները մինչ այսօր էլ չեն գործում, դրանից շատ տուժեց նաև մեր նախագիծը»,- պատմում է նախագծի ռեժիսորը։

Աշնանը որոշ չափով արդեն սկսեցին աշխատել կինոթատրոնները, սակայն այս անգամ քիչ սեանսներով, զբաղեցվում էր դահլիճի միայն 30 տոկոսը, ինչը, ըստ Տիգրանի, ևս բացասական կերպով անդրադարձավ ֆիլմի հաջողության վրա։

Պատերազմի ընթացքում, երբ արցախցիները ստիպված եղան լքել իրենց տները և ժամանակավորապես բնակություն հաստատել Հայաստանում, նրանց համար մեր կինոթատրոնները ֆիլմերի անվճար ցուցադրություններ էին կազմակերպել։ «Դասարանցիները» ֆիլմը ևս կար դրանց ցանկում։ «Տևական ժամանակ մոտավորապես 2000 արցախցի երեխա ուղեկցողների հետ հնարավորություն է  ունեցել Նաիրի կինոթատրոնում անվճար դիտելու ֆիլմը։ Նմանատիպ մի քանի ցուցադրություն եղել է նաև Կինոպարկում ու հազարավոր երեխաններ ֆիլմը դիտելու հնարավորություն են ունեցել»,- նշում է Տիգրանը։

Կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի բացասական հետևանքներից մեկն էլ դրանց հաջորդող տնտեսական ճգնաժամն ու ֆինանսական դժվարութուններն են։ «Ֆինանսական մեծ դժվարություններ առաջացան հենց ֆիլմի հետ կապված։ Ինքներդ էլ լավ պատկերացնում եք, որ ֆիլմ նկարահանելը թանկ հաճույք է, որի համար ծախսվում են հսկայական միջոցներ։ Սակայն հետո մենք չունեցանք դաշտ այն ռեալիզացնելու համար։ Իսկ հիմա կարելի է ասել, որ ֆիլմն այնքան է տուժել, որ լիովին վերականգնվելը անհնար կլինի։ Բայց ցուցադրություններն ամեն դեպքում մինչև նոր տարի դեռևս կշարունակվեն, դրանից հետո էլ արդեն ընթացքը ցույց կտա»,- պատմում է ռեժիսորը։

Կորոնավիրուսով պայմանավորված պարտադրված դադարի ընթացքում դերասանը շարունակել է զբաղվել իր գործով։ «Ես հստակ գիտեմ իմ անելիքը, եկող տարի էլ եմ նախատեսում նոր ֆիլմ նկարահանել ու նաև արդեն փոքրիկ անդրադարձ կլինի պատերազմին։ Այն չի լինի կոնկրետ պատերազմի մասին, կլինեն ուղղակի հերոսներ, որոնք կընդգրկվեն մեր ֆիլմի մեջ»,- կիսվում է ռեժիսորը։

Տիգրան Նալչաջյանը որպես կամավոր մասնակցել է նաև Արցախյան պատերազմին, պատմություններն ու արտակարգ իրավիճակները շատ են եղել, սակայն տղաները պատվով են կատարել իրենց վստահված գործը․ «Ես եղել եմ կամավորական վաշտի կազմում։ Մենք առաջին յոթ օրը շատ լավ պատրաստվել ենք զորամասերից մեկում, որից հետո էլ մեկնել ենք Արցախ ու մասնակցել Շուշիի մատույցների մարտերին։ Մոտ տասներոկու օր մենք եղել ենք պատերազմի մեջ։ Ամեն ինչ հասցրինք էնտեղ տեսնել, ունեցանք մերձամարտ ադրբեջանցիների հետ։ Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք ռմբակոծությունների տակ, լեռան գագաթին, որտեղ սարսափելի ցուրտ եղանակ էր։ Մեր ստորաբաժանումը ոչ մի սանտիմետր չի նահանջել, սակայն հրադադարից երկու օր հետո հրամանով մենք ստիպված եղանք դիրքերը լքել և այն թողնել խաղաղապահներին- պատմում է դերասանը, ապա հավելում,- Մեր բախտը բերեց այնքանով, որ մենք շատ կազմակերպած ստորաբաժանում էինք, սակայն, ցավոք սրտի, մեկ զոհ և երեք վիրավոր ունեցանք»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան