«Մենք չլուծված մի մեծ խնդիր ունենք». Խաչիկ Մանուկյանը վերահրապարակել է Արցախում զոհված որդու գրառումները

Showbiz.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում «Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» տողերը պատերազմական օրերին շատերն էին մեջբերում, պատերազմում կորցրել է իր որդուն՝ Վաչագան Մանուկյանին:

Ֆեյսբուքի իր էջում բանաստեղը վերահրապարակել է որդու արխիվային գրառումներից երկուսը: Բանաստեղծը նշել է, որ իր հրապարակած գրառումներից մեկը որդին արել է 2019 թվականի հունվարի 21-ին և անդրադարձել է անհայտ ժամանակով տրված խաղաղությունը ճիշտ օգտագործելուն:

«Հարգելի հայրենակիցներ, ոչ ոք չգիտի թե ի՞նչ են պատրաստել մեր երկրի համար մեզ հայտնի ու անհայտ ուժերը, երբ վերջնականապես կավարտեն Սիրիայի հետ իրենց բոլոր գործերը: Մենք չլուծված մի մեծ խնդիր ունենք: Ցավոք սրտի, դա էլ մեր ազգի աքիլլեսյան գարշապարն է, որի մասին գիտի ողջ աշխարհը: Պետք է գիտակցենք, որ մեր թույլ տեղը վաղուց հայտնի է բոլորին:

Եկեք օգտագործենք այս անհայտ ժամանակով մեզ տրված հրաշք խաղաղությունը և երկիր կառուցենք: Մի անտեսեք այս պահը: Մի դարձրեք Ձեր անձերը ատելությունից, չարությունից ծնված թույնի գերին»,- դեռ 2019-ին գրել էր Վաչագանը:

Բանաստեղծը նշել է, որ երկրորդ գրառումը որդին՝ Վաչագանը, արել է պատերազմ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 15-ին: Գրառման մեջ Վաչագանն ընդգծել է միջազգային հանրության դերը, որի առջև պետք է խոսել կառուցողական ու ճիշտ ձևով:

«Մեր յուրաքանչյուր քայլ պիտի լինի տեղին և կազմակերպված: Մենք մոռացել ենք միջազգային հանրություն անվամբ մի մեծ լսարանի մասին, որի հետ նույնպես պիտի խոսենք և խոսենք ճիշտ, կառուցողական մտքերով, էմոցիաները զսպելով: Պետք է աշխարհի հետ երկխոսության կամուրջներ ստեղծենք: Մեր հոդվածները, հրապարակախոսական նյութերը ոչ թե պետք է լինեն հուզական, զգացմունքային, այլ հնարավորինս ակադեմիական ոճով: Խռովքներին տրված՝ չպիտի գրենք, որ թուրքը մարդասպան անասուն է, այլ հնարավորինս փաստերով պիտի հիմնավորենք:

Ֆեյսբուքյան տիրույթում անպտուղ ճառեր գրելու փոխարեն՝ եկեք մտածենք իրական հաղթանակի մասին: Գրում ենք, լայքում ու մեկնաբանում ենք, բայց, ի վերջո, լինենք անկեղծ. պատերազմական այս օրերին ի՞նչ է դա մեզ տալիս, մոտեցենու՞մ է արդյոք խաղաղությանը…

Այս հրապարակումը որպես քննադատություն չընդունեք, այլ պարզապես առողջ պայքարի կոչ, առաջարկ, հորդոր, խնդրանք…»,- գրել է Վաչագանը: