Մայքլ Ջեքսոնի ընտանիքը շահել է «Հեռանալով Նևերլենդից» ֆիլմի պատճառով HBO հեռուստաալիքի դեմ ներկայացված դատական հայցը

Ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի (1958-2009) ժառանգները շահել են HBO հեռուստաալիքի դեմ ներկայացված դատական հայցը՝ կապված 2019 թվականին լույս տեսած «Հեռանալով Նևերլենդից» ֆիլմի հետ:

Ինչպես ներկայացնում է «Իզվեստիա» պարբերականը, երգչի ներկայացուցիչները նշել են, որ հեռուստաալիքը խախտել է 1992 թվականին կնքված պայմանագիրը, որով HBO-ն ստացել էր «Վտանգավոր հյուրախաղեր» (The Dangerous Tour) ֆիլմի իրավունքը, որի դիմաց խոստացել էր Ջեքսոնի անունը վարկաբեկող նյութեր չհեռարձակել:

Դատարանը հայտարարել է, որ երաժշտի և հեռուստաընկերության միջև կնքված համաձայնագիրը փոխադարձ է եղել և 28 տարի անց էլ իրավական ուժ ունի:

«Հեռանալով Նևերլենդից» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարին: Ժապավենը ներկայացնում է երկու տղամարդու՝ Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունը, որոնք 7-14 տարեկան հասակում իբրև թե սեռական ոտնձգությունների են ենթարկվել Ջեքսոնի կողմից: