«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանման խմբի 5 անդամ Թոմ Քրուզի պատճառով լքել է աշխատանքը

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանման խմբից 5 մարդ ազատվել է աշխատանքից դերասան Թոմ Քրուզի պատճառով, որը նաեւ ֆիլմաշարի պրոդյուսերն է, հայտնում է The Sun-ը։
Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ թիմի ներսում լարվածությունը զարգացել է ամիսներ շարունակ, սակայն երբ արտիստի կոպիտ վարքագիծն աշխատավայրում դարձել է հանրության սեփականությունը, գործընկերների մի մասը որոշել է լքել նախագիծը։ Ընդ որում, Քրուզը վշտացած է, որ մյուս աշխատակիցներն այնքան էլ լուրջ չեն վերաբերում նկարահանման ընթացքին։

Ավելի վաղ համացանցում տեսագրություն է հայտնվել, որում դերասանը հայհոյում էր «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման խմբի անդամներին, որոնք Մեծ Բրիտանիայում նկարահանման հրապարակում խախտել են սոցիալական հեռավորության կանոնները։

Երբ ձայնագրությունը հայտնվել է համացանցում, Քրուզին աջակցել է դերասան Ջորջ Քլունին։ «Նա սահմանը չի անցել։ Այդ իրավիճակում նա պատասխանատվություն է կրում բոլորի համար, այնպես էր որ նա լիովին իրավացի է։ Եթե ֆիլմի արտադրությունը կանգնի, շատերը կկորցնեն աշխատանքը։ Մարդիկ պետք է հասկանան դա եւ պատասխանատվություն կրեն»,- հայտարարել է արտիստը։ Քլունին հավելել է, որ ինքն այլ կերպ կարձագանքեր, եթե նմանատիպ իրավիճակում հայտնվեր։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին։
Նշվում է, որ Հոլիվուդի աստղը դեմ չէ մեծ գումար ծախսել իր ծրագիրն իրականացնելու համար եւ արդեն այդ մասին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ազգային օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման վարչության (NASA) ներկայացուցիչների հետ: Պարբերականի տվյալներով՝ Քրուզին իբր պատասխանել են, որ դա միանգամայն հնարավոր է կազմակերպել։