Կայացավ «Պատերազմական նովել» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան․ ռեժիսորը՝ ապագա ծրագրերի և նոր սարսափ ֆիլմի մասին

Դեկտեմբերի 30-ին կայացավ Արմեն Դալլաքյանի «Էլ Մար» թատերական ստուդիայի 11 ամյակը, որի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում հանդիսատեսի դատին հանձնվեց ինչպես «Ախպերս ու ես» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը, այնպես էլ «Պատերազմական նովել» ֆիլմի պրեմիերան։
Showbiz.am կայքի հետ զրույցում Արմենը պատմում է, որ այսօրվա պես հիշում է, թե ինչպես 2009-ին որոշեց հիմնել թատերական ստուդիան։

«Մտահղացումը շատ հապճեպ եղավ։ Հիմնելուց մտավախություն կար՝ կգործի՞ ստուդիան այնպես, ինչպես ծրագրել ենք, կլինի՞ ուսանողների այնպիսի հոսք, ինչպիսին կանխատեսել ենք։ Հիմա, կարծում եմ՝ մեր ստուդիայի հաջողության գրավականը մեր միասնությունն է»,-ասում է Արմենը։

Միջոցառման ընթացքում՝ «Պատերազմական նովել» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրության ժամանակ, շատերը դժվարանում էին զսպել իրենց արցունքները։ Մի կերպ զսպելով հուզմունքը, ֆիլմի սցենարիստ և գլխավոր հերոս Սարգիս Սարգսյանն ասաց, որ ֆիլմն իսկական հայ ընտանիքի, հայ զինվորի ու մեր ապրած պատերազմի մասին է։
«Միայն հայ զինվորը, հասկանալով, որ րոպեներ անց կարող է զոհվել, մտածում է իր ընտանիքի հետ րոպե առաջ կապվելու մասին, միայն հայ զինվորի հայրն է գերադասում որդու մահը վերջինիս գերեվարությունից, միայն հայ կինն է հրացան բերում ու տալիս ամուսնուն»,-ասաց դերասանը՝ հուզմունքից կիսատ թողնելով իր խոսքը։

Արմեն Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ շուտով հեռուստադիտողի դատին կհանձնի «Սպասված օր» վերնագրով, 80 րոպե տևողությամբ սարսափ ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին լինելու է դերասանուհի Անատի Սաքանյանը։ Ֆիլմի սցենարիստն է Արմեն Դալլաքյանը, բեմադրող օպերատորը՝ Նարեկ Խաչատրյանը։
Նկարահանումներն արդեն սկսվել են դեկտեմբերի 15-ից։ Արմենը կիսվում է, որ դերասանները մեծ սիրով են որոշել իր հետ համագործակցել։
«Հենց լսեցին ժանրի մասին, համաձայնեցին»,-ասում է նա։

Չնայած որ կորոնավիրուսով վարակվածների թվերն օրեցօր աճում են, ռեժիսորը չի պատրաստվում հետաձգել նկարահանումները։
«Հավատացեք, եթե սպասենք որ Covid 19-ը վերանա, ապա վերջնականապես հաջողություն կասենք մշակույթին, կինոարտադրությանը, ուստի պետք է ամեն բան անել, որպեսզի լրացվի մեկ տարվա բացը»։

Արմենը նաև ասում է, որ ֆիլմի ֆինանսական մասը բավականին մեծ դժվարություններ է առաջացրել, որովհետև երկրում տիրող իրավիճակի պատճառով շատ ներդրողներ խուսափում էին աջակցել։
Ռեժիսորն իր խոսքը եզրափակում է՝ խոստանալով, որ կլինի ֆիլմ նաև նվիրված արցախյան այս պատերազմին։