« Ձեռքս տալու եմ այսուհետ միայն գիտակից հային». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում տարին ամփոփող գրառում է արել՝ նշելով, որ անցնող տարին խլել է ամեն ինչ, իսկ ինքն այս գիշերն անցկացնելու է Սուրբ Զորավոր եկեղեցում՝ աղոթելով և ներում հայցելով Աստծուց:
«Իմաստազուրկ եմ: Այս տարին դավաճանորեն խլեց մեզնից ամեն ինչ: Խլեց իմ ապրած 40 տարիներն ու իմ երկիրը, խլեց իմ որդիներին, եղբայրներին, հայրերին, խլեց հույսը: Խոցեց, վիրավորեց, սպանեց, անջատեց, պառակտեց, ոչնչացրեց հոգեպես ու արմատով, ջնջեց պատմությունը: Անարմատ ենք, խոցոտված, ի՞նչ նոր տարի: Ձևապաշտությունը մեզ կերավ, հայրենասիրությունից մինչև հավատք՝ ձևի մեջ էլ կործանվեցինք, քարացանք:
Այս գիշեր աղոթել ու միայն աղոթել: Ներում հայցելով գնալու եմ Սուրբ Զորավոր եկեղեցի, գիշերն այնտեղ դիմավորենք, որ Աստված մեզ ների անգործությունը, ձևապաշտությունը, չարակամությունը, որ մի լույս բացվի, որ արժանի դառնանք Սուրբ Ծնունդին, որ վերջապես մի բան հասկանանք:

Չեմ զարդարել տունս, ներսս dատարկ է ու փուշ, դրսից զարդարելով չեմ խաբի: Անապատ եմ: Ցավի փոթորիկները վերջնական քայքայեցին: Հիմա՝ լուռ անապատ:

Չլսեք, գիշերը չլսեք դավի ու մատնության ձայնը: Չմիացնեք տուփը: Խելագարվեցինք իսպառ…

Այս տարի ամոթի խարանի ու անդառնալի կորստի տարի կմնա պատմության մեջ, եթե մենք մնանք պատմության մեջ: Ամեն օր, ամեն վայրկյան ենք ջնջվում՝ քարտեզից, կյանքից, մոլորակից, ո՞ւր ենք մենք, ո՞վ ենք մենք, ինչո՞ւ ենք դիմանում անդիմանալի ու անընդունելի չարիքին:

Լռելու եմ մինչև Սուրբ Ծնունդ, լռելու եմ ամենուր և ամենօր:

Զրոյացրեց մեզ…

Հ.գ. Ձեռքս տալու եմ այսուհետ միայն գիտակից հային, պայքարող ու հասկացող մարդուն, հայրենատեր ու իսկական հային, եզդուն, ռուսին, մալականին, ուկրաինացուն՝ հայաստանցուն, որն իրականում գիտի իր երկրի սահմանն ու հայրենիքի իսկական սահմանումը: Որը սխալվելուց հետո չի վախենում խոստովանել և կարևորը՝ շտկել սխալը, որը չի վախենում հայրենիք ունենալուց:

Հավերժ փա՛ռք մեր հերոս նահատակներին, հավերժ փա՛ռք ապրող հերոսներին, աղոթքնե՛րս վիրավորներին, խո՛ւնկ և աղո՛թք անհայտ կորած մեր որդիներին, գերիներին, Սուրբ մասունք դարձած մեր հերոսներին: Երախտագիտությունս ու խոնարհումս նրանց ընտանիքներին և համբերություն, համբերություն…»,- գրել է Նազենին: