Մաշկի խնամքի հինգ տարածված միջոց, որոնք իրականում անարդյունավետ են ու վտանգավոր

Այս կամ այն կոսմետիկ խնդրից ազատվելու և մաշկը խնամելու համար մարդիկ երբեմն հաճախում են գեղեցկության սրահներ ու հատուկ պրոցեդուրաներ անցնում մասնագետների հսկողության տակ, սակայն կա տարածված կարծիք, որ տան պայմաններում իրականացված խնամքը պակաս արդյունավետ չէ, իսկ շատ դեպքերում անգամ շատ ավելի անվնաս է, ուստի գումարը խնայելու և կողմնակի բարդություններից խուսափելու համար մարդիկ գերադասում են կիրառել մի շարք տարածված միջոցներ, որոնք նախատեսված են այս կամ այն խնդրի դեմ պայքարի համար։

Տան պայմաններում անցկացված նման պրոցեդուրաներն ու տարատեսակ բնական դիմակներն իսկապես կարող են բավական արդյունավետ ու անվնաս լինել, սակայն ոչ միշտ և ոչ բոլորը։ Կան մի շարք անչափ տարածված միջոցներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են, այլև կարող են լուրջ կողմնակի բարդությունների պատճառ դառնալ, ուստի նման դեպքում հարկավոր է անչափ ուշադիր լինել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկի խնամիքի մի քանի տարածված միջոց, որոնք բացարձակապես անարդյունավետ են, իսկ որոշ դեպքերում կարող են անգամ վնասակար լինել, ուստի դրանց գործածությունից հարկավոր է անհապաղ հրաժարվել։

Կիտրոն մաշկի գունաբացման համար

Կիտրոնը մաշկի խնամքի բավական տարածված բնական միջոց է, որը կիրառվում է որպես հզոր գունաբացող միջոց, սակայն այս միրգը կարող է խանգարել մաշկի բնական рН բալանսը, որը պետք է լինի 4-5-ի սահմաններում, քանի որ դրա рН բալանսի ցուցանիշը մոտ 2 է։ Բացի այդ, կիտրոնը ոչնչացնում է մաշկի պաշտպանիչ շերտը՝ դարձնելով այն չափազանց զգայուն արտաքին միջավայրի տարբեր գործոնների, այդ թվում նաև արևի ճառագայթների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ավելացնել կիտրոնն ըմպելիքներին, այլ ոչ թե մաշկի խնամքի միջոցներին։

Հավկիթ մաշկը ձգելու համար

Հավկիթի՝ մաշկը ձգելու հատկության մասին բոլորն էլ գիտեն։ Այս մթերքը բարելավում է մաշկի տոնուսն ու առաձգականություն է հաղորդում հյուսվածքներին։ Ձվի սպիտակուցը հաճախ է կիրառվում տարբեր գեղեցկության սրահներում որպես մաշկի խնամքի արդյունավետ միջոց, ուստի զարմանալի չէ, որ կանայք փորձում են այն կիրառել նաև ինքնուրույն։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ տան պայմաններում նման պրոցեդուրա անցկացնելը կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ հավկիթը հաճախ պարունակում է սալմոնելա՝ բակտերիա, որը սննդային թունավորումներ է առաջացնում, ուստի նման պրոցեդուրաների ընթացքում պատահմամբ հում հավկիթ կուլ տալը կարող է շատ վտանգավոր լինել ու աղիքային հիվանդությունների պատճառ դառնալ։

Խնձորի քացախ մարմնի տհաճ հոտից ազատվելու համար

Շատերը սկզբունքայնորեն չեն կիրառում հակաքրտինքային միջոցներ՝ նախապատվությունը տալով բնական միջոցներին։ Հատկապես տարածված է խնձորի քացախը, որը կիրառվում է քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար։ Այն ունակ է ոչնչացնել վնասակար սնկերն ու բակտերիաները, որոնք էլ տհաճ հոտի պատճառ են դառնում, սակայն խնդիրն այն է, որ այս պրոցեդուրայից հետո քացախի բավական սուր ու տհաճ հոտից հնարավոր չի լինում ազատվել անգամ եթերայուղերի օգնությամբ։ Բացի այդ, քացախը որևէ ազդեցություն չի ունենում քրտնարտադրության գործընթացի վրա, ուստի առատ քրտնարտադրության դեմ պայքարում այն կիրառելը բացարձակապես անարդյունավետ կլինի։

Դարչին մաշկի գույնը հավասարեցնելու համար

Դարչինը լայն կիրառություն ունի խոհանոցում և հիանալի համեմունք է տարատեսակ ուտեստներին ու ըմպելիքներին յուրահատուկ համ հաղորդելու համար, սակայն շատ հաճախ այն կիրառվում է նաև կոսմետոլոգիայում՝ համարվելով հիանալի բնական միջոց մաշկի գույնը բարելավելու համար, մինչդեռ իրականում այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դարչինը ոչ միայն չի բարելավում մաշկի վիճակը, այլև էլ ավելի է վատթարացնում այն։ Այս համեմունքի ազդեցությունը նման կլինի պղպեղի ազդեցությանը, ուստի այն օգտագործելը կհանգեցնի միայն մաշկի գրգռվածության, բշտիկների առաջացման ու անգամ այրվածքների։

Ատամի մածուկ բշտիկների դեմ

Բշտիկներից ազատվելու համար շատերը խորհուրդ են տալիս ախտահարված մաշկին ատամի մածուկ քսել, սակայն այս մածուկները պարունակում են ջրածնի պերօքսիդ ու կերակրի սոդա, ուստի դրանց գործածությունը ոչ միայն անարդյունավետ կլինի, այլև կարող է անգամ վտանգավոր լինել։ Ատամի մածուկն իսկապես ժամանակավորապես մեղմում է բորբոքումը, սակայն այն չի կարելի մշտապես կիրառվել որպես խնամքի հիմնական միջոց, քանի որ այդ դեպքում այն միայն կնպաստի գրգռումների ու բորբոքումների առաջացմանը։ Բացի այդ, այս մեթոդով բշտիկները բուժելուց հետո մաշկին կարող են առաջանալ սպիտակ բծեր, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինի։