Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թվականի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվության վարչությունից, մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության այբուբեն. իմ հայկական այբուբենը» հոդվածները:

Հոդվածներում ներկայացվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և այդ շրջանակում առանձնացող ինքնատիպ դրսևորումները (էջ 101-111), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությանը վերաբերող ակնարկներ (էջ 33-36)։ Հայկական ստվերների թատրոնի մասին պատմող հոդվածում անդրադարձ է արվում ժողովրդական թատրոնի այդ տեսակի պատմությանը, ձևավորման ընթացքին և արդի զարգացումներին։ Հայոց այբուբենին նվիրված հետաքրքրական հոդվածը ներկայացնում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիրը:

Այն անցկացվում է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ցուցադրությամբ՝ ունկնդիր աշակերտի ուշադրությունը հրավիրելով «Հայոց այբուբեն» հատվածին, որը բացահայտում է յուրահատուկ ոճով ու գույներով առանձնացող թռչնատիպ տառերի զարմանահրաշ աշխարհը։ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թվականից և ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներին` այդ համագործակցությունը դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության տարածման և միջազգային հանրահռչակման լայն հնարավորություն։