Շատերը մի քանի րոպե էկրաններին երևալուց հետո մտածում են այլևս քասթինգների չմասնակցել ու սպասել հրավերի․ Համլետ Ղազարյանը ՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում իր դերի մասին

Showbiz.am-ն իր ընթերցողներին պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի մասին, որն անդրադառնում է հայկական իրականության համար շատ նուրբ թեմայի․ պատմությունն Արցախյան առաջին պատերազմի միջով անցած «Մասիվի ջոկատի» տղաների մասին է, որոնցից 3 ընկեր են ողջ մնացել։ Նրանցից մեկը 1994–ին հայտնվել է գերության մեջ և հիմա վերադարձել Հայաստան։
Սերիալում երիտասարդ Մայիսի դերը կատարւոմ է դերասան Համլետ Ղազարյանը։
Թե ինչ կերպար է մարմնավորում, որքանով էին դժվար նկարահանումները և ինչ նոր նախագիծ է սկսել ինքը ընկերների հետ, Համլետը պատմում է Showbiz.am-ի հետ զրույցում։

«Սերիալում նկարահանվելս ստացվեց այսպես Ելենա Արշակյանը քասթինգ էր հայտարարել, ես էլ որոշեցի մասնակցել, չնայած մինչ այդ արդեն բախտ ունեցել էի աշխատել Ելենա Արշակյանի ու իր շնորհալի թիմի հետ։ Այսօր շատերը մի քանի րոպե էկրաններին երևալուց հետո մտածում են այլևս քասթինգների չմասնակցել ու սպասել հրավերի, ես այդպես չեմ կարծում։ Այս նախագծում ևս, ինչպես «Պատվից Առավել»-ում, հեռուստադիտողն ինձ կտեսնի այսպես ասած բացասական կերպարով, չնայած ես որպես դերասան, ինձ համար փորձել եմ արդարացնել իմ հերոսի արարքների պատճառահետևանքային կապը»,- պատմում է Համլետը։

Համլետի կերտած դերն աննկատ չմնաց հեռուստադիտողների կողմից։ Սերիալի՝ փետրվարի 8-ից «Արմենիա պրեմիումի» եթերում հեռարձակվելուց հետո նրա կերպարն ակտիվ քննարկվում էր համացանցում։

«Խաղում եմ Մայիսի երիտասարդ տարիքը (մեծ տարիքը խաղում է Արթուր Պետրոսյանը)։
Եթեր հեռարձակվելուց հետո Մայիսի հանդեպ այսպես ասած «հեյթը», բացասական մեկնաբանությունները, իրականում ինձ ուրախացնում են, երևի կարողացել եմ կատարել ռեժիսորի կողմից իմ առաջ դրված խնդիրները»,– կիսվում է Համլետը։

Անդրադառնալով ֆիլմի նկարահանումներին՝ Համլետը հիշում է, թե ինչպես սկսվեց իր համար սերիալի նկարահանման առաջին օրը․ «Նկարահանումների հետ կապված, նախ ուզում եմ ասել, որ ինձ համար, իսկապես, հաճելի է աշխատել Ելենա Արշակյանի ու իր թիմի հետ։ Սերիալի առաջին նկարահանման օրը հենց սկսվեց իմ վազելու տեսարանով, եթե ուշադիր լինենք վազելիս մի քանի շուն ընկել էին իմ հետևից, ու այն հայտնվեց ֆիլմում»։

Համլետը նշում է, որ սերիալում իր հետ նկարահանվում է նաև Կարեն Մկրտչյանի որդին` Ակիմը, ում եղբայրը անմահացավ արցախյան պատերազմում, ինչպես նաև Վարուժան Մարգարյանը, ում եղբայրն էլ գերությունից է վերադարձել, ու հավելում է, որ պատերազմական ծանրագույն շրջանի միջով անցել են բոլորը․«Իմ եղբայրն էլ պատերազմի մասնակից է, սպա է, ով ամենաթեժ օրերին եղել է ամենաթեժ կետերում ու բարեբախտաբար ողջ ու առողջ վերադարձել է տուն»։

Դերասանը պատմում է, որ նախորդ տարի իր մոտ մի շարք ծրագրեր հետաձգվեցին կամ չեղարկվեցին, բայց 2021-ը հենց առաջին օրերից ինքը սկսել է բուռն աշխատանքային պրոցեսի մեջ։
«Տարեսկզբից ընկերներիս՝ freedom company-ի հետ սկսեցինք նոր նախագիծ՝ յութուբյան ալիքի տեսքով, որի անունը «ԿամեռԾյա» է։ Այնտեղ արդեն հրապարակել ենք մի քանի հոլովակներ, երգեր, կատակերգեր, ունենք նաև հորինված կերպար՝ Սարմեն Եփրեմյանը (ում ես եմ խաղում), ում միջոցով ցույց կտանք տարբեր ոլորտներում առկա կարծրատիպերն ու խնդիրները։
Իսկ յութուբյան ալիքի հետ կապված կարող եմ ասել, որ մենք բաց ենք տարբեր առաջարկների ու համագործակցությունների համար։ Սպասվում են շատ հետաքրքիր գործեր»։

Իսկ վերջում Համլետը վստահեցնում է, որ ինչքան էլ դժվարություններ լինեն, չի պատրաստվում լքել Հայաստանը, որովհետև իր տունն այստեղ է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան