Հիլարի Քլինթոնը թրիլլեր ժանրում գիրք կգրի

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանադացի հայտնի գրող Լուիզա Փենիի հետ համահեղինակությամբ թրիլլեր ժանրում գիրք կգրի, գրում է Axios-ը։

State of Terror վերնագրով գրքի թողարկումը նախատեսված է 2021-ի հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսուհին կլինի պետքարտուղարը, որը վերջերս է նշանակվել նախագահի աշխատակազմում։

«Ահաբեկչական հարձակումների շարքը համաշխարհային կարգը քաոսի է վերածում և քարտուղարին հանձնարարվել է թիմ հավաքել, որպեսզի բացահայտի ամերիկյան իշխանությունների դեմ ծրագրված  դավադրության սխեման»,- ասված է Simon & Schuster հրատարակչության կայքում:

Սա Քլինթոնի առաջին գիրքը չէ։ Նրա վերջին աշխատանքը՝ «Ինչ է տեղի ունեցել» հուշագրությունը թողարկվել է 2017 թվականին՝ Simon & Schuster հրատարակչության կողմից և դարձել է բեսթսելեր։

Գրող Լուիզա Փեննին հայտնի է իր դետեկտիվներով։ Նրան ժողովրդականություն է բերել «Ավագ տեսուչ Համաշ» շարքը։