Ջորջ Քլունին խոստովանել է, որ օրական երկու-երեք անգամ լվացք է անում և սպասք լվանում

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտնվել է W Magazine ամսագրի Volume 1, Best Performances («Առաջին հատոր, լավագույն կատարում») շարքի առաջին համարի շապիկին, գրում է CNN-ը՝ նշելով, որ շարքի նպատակն է հարգանքի տուրք մատուցել բոլոր այն դերասաններին, որոնք վերջին տարիներին փայլել են իրենց դերասանական խաղով։

Նշվում է, որ ամսագրում Քլունին հայտնվել է գլոբալ ապոկալիպսիսի մասին պատմող «Կեսգիշերային երկինք» ֆիլմում խաղացած դերի համար։

«Covid-19-ի բռնկումից հետո, ֆիլմը, որը պատմում է գլոբալ ապոկալիպսիսի մասին, նոր իմաստ է ստացել։ Իսկ մինչ այդ այն ափսոսանքի և փրկության որոնման մասին էր։ Կորոնավիրուսի բռնկումից հետո այն դարձել է մեր սիրելիների կողքին լինելու և նրանց գրկելու հնարավորությունից զրկվելու մասին»,- ամսագրին պատմել է Քլունին։

Հայտնի դերասանը նաև պատմել է իր նոր նախասիրությունների մասին։

«Այս ընթացքում երկու հոբբի եմ ձեռք բերել․ օրական երկու-երեք անգամ լվացք եմ անում և ամբողջ օրը սպասք եմ լվանում, որովհետև երեխաները փնթի են»,- կատակով հայտնել է դերասանը։

Քլունին նաև հայտնել է, որ երբեմն կտրում է որդու և իր մազերը, բայց չի համաձակվում կտրել դստեր վարսերը։

«Աղջիկս գեղեցկուհի է և հիանալի վարսեր ունի։ Եթե ես փչացնեմ իմ որդու մազերը, դրանք կաճեն: Բայց կինս կսպանի ինձ, եթե դիպչեմ դստերս վարսերին»,- հավելել է դերասանը։