«9-ին ուժեղ փոթորիկ սկսվեց, մեր վրանները շպրտեց այսկողմ-այնկողմ»․ Ռաֆայել Երանոսյանը՝ նոր երգի և սպասվող նորությունների մասին

Ռաֆայել Երանոսյանը վերջերսերկրպագուներին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը՝ նկարահանված «Ճոճանակ» երգի հիման վրա։
Նշենք, որ բառերի հեղինակը «Արձագանք» խմբի երգիչ Վահե Դավթյանն է։
Showbiz.am կայքի հետ զրույցում Ռաֆայելը պատմում է, թե ինչպես որոշեց երաժշտական հոլովակ ներկայացնել, ինչպես առաջացավ «ՄիկՌաֆով» նախագծի մտահղացումն ու ինչ ծրագրեր ունի ապագայում։

«Ուղղակի մի օր լսեցի երգը, հիշեցի երիտասարդությունս և մտածեցի, որ կարելի է այն նոր տարբերակով ներկայացնել»,- պատմելով երգի մասին՝ հիշում է Ռաֆայելն ու հավելում,-«ժամանակ չկորցրի, միանգամից զանգեցի երջանկահիշատկ Վահե Դավթյանի քույրիկին։ Հանդիպեցինք, և նա տվեց իր համաձայնությունը»։

Երգի գործիքավորումն իրականացրել է DJ Smoke-ը։
Ցանկանալով երգը դարձնել ավելի ամբողջական ու գեղեցիկ՝ Ռաֆայելը որոշեց, որ այն նաև պետք է ունենա տեսահոլովակ։
Տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ռեժիսուրան ու մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը։

Ռաֆայելը նաև կիսվում է, որ տեսահոլովակի մասին նախնական պատկերացումներն այլ էին․ սկզբում որոշված էր, որ գլխավոր հերոսուհու դերը պետք է խաղա հայտնիներից մեկը։ Թե ո՞վ՝ Ռաֆայելը չի ցանկանում բացահայտել։ Սակայն հետո ծրագրերը փոխվեցին։
«Տեսահոլովակի աղջկան ընտրեցինք պատահաբար․ որոշեցինք, որ պետք է ինստագրամում գտնենք տարբերվող աղջիկ։ Այդպես ծանոթացանք, շփվեցինք, համաձայնվեց և ստացվեց»։

Նկարահանումները, որոնք տևել են մեկ օր, Ռաֆայելը հիշում է ժպիտով․ «Նկարահանումները շատ լավ անցան, Արագածում էինք։ Ժամը 21։00-ին ուժեղ փոթորիկ սկսվեց, մեր վրանները շպրտեց այսկողմ-այնկողմ, և եկանք ու գիշերը ժամը 1-ին հասանք Երևան»։

Ռաֆայելը նշում է, որ երաժշտության ասպարեզում կշարունակի իր գործունեությունը։

«Մենք ընկերներով որոշել ենք՝ մեր հին երգերը կարելի է ներկայացնել նոր շնչով։
Նոր ծրագրեր կան․ օրինակ՝ մի քանի օր առաջ զանգել էր մեր Վահե Դավթյանի մայրը, շատ շնորահալ էր երգին նոր շունչ տալու համար։ Ինձ ասաց, որ Վահեն շատ երգեր ունի, որոնք դեռ չեն հրապարկվել, այդ բառերը կարող են տալ ինձ, որպեսզի ես ներկայացնեմ նորովի»,-ասում է Ռաֆայելն ու հատուկ շեշտում,- «Ես երգիչ չեմ ցանկանում դառնալ։ Ես արտիստ եմ, ով ցանկանում է նաև երգել»։

Նշենք, որ դերասանի «ՄիկՌաֆոն» նախագիծը բավականին սիրվեց երկրպագուների կողմից։ Հաղորդման շրջանակներում Ռաֆայելն ընդունում է իր հայտնի ընկերներին, որոնց հետ մտերմիկ ու ջերմ զրույցի ընթացքում մի շարք հետաքրքիր մանրամասներ է բացահայտում ու ներկայացնում նրանց կյանքից, ու գործունեությունից։

«Նախագծի մտահղացումը ընկերոջինս էր՝ Սուրեն Սարգսյանինը, ով զբաղվում է իմ յութուբյան ալիքով և իմ բոլոր հաղորդումների մոնտաժով։ Այդ պոդքասթը շատ ճանաչված նախագիծ է, ավելի շատ շեշտը ձայնի վրա է, որ մարդիկ երկար ճանապարհ գնալիս, խցանումների մեջ լինելիս լսեն։
Որոշեցիք մենք էլ նման բան ունենալ Հայաստանում, փորձեցինք, մարդկանց մոտ ընդունվեց։

 Ինչ-որ կարծրատիպ ենք ցանկանում կոտրել, որպեսզի հյուր և հաղորդավար հարաբերություններ չլինեն։ Ավելի անմիջական զրուցում ենք, եթե նախկինում շփվել ենք, պատմում ենք մեր անցյալից։ Մարդիկ էլ նայում, ուրախանում են։
Երբ նրանց հաճելի է, մեզ էլ է հաճելի»։

Ռաֆայելը կիսվում է, որ 2020-ը ինչպես բոլորի, այնպես էլ իր համար հեշտ տարի չէր․ չեղարկվեցին նրա շրջագայությունները, թատրոնի ներկայացումները, սակայն մնալով տանը՝ նա հանգստացավ, նախապատրաստվեց 2021-ին ու հիմա բարձր տրամադրությամբ ու եռանդով իր ամբողջ էներգիան ծախսում է թե՛ թատրոնում, թե՛ նոր նախագծերում։
Դերասանը երկրպագուների համար բազմաթիվ անակնկալներ է նախապատրաստել։

«Շուտով սպասվում է նոր սիթքոմ իմ մասնակցությամբ, որը կլինի «Դեպուտատի շոու» յութուբյան ալիքով։ Ռեժիսորը լինելու է Արշո Հարությունյանը, մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի։ Հիմա այդ նախապատարստական աշխատանքերով ենք տարված։ Երևի մարտի վերջին այն արդեն կլինի։ Նախնական անվանումը որոշել ենք «Բանկում», բայց այն կարող է փոխվել ամեն վայրկյան։

Իմ երկրորդ ներկայացմանն եմ պատրաստվում ։
Արման Վարդանյանի հետ նստած գրում ենք դրա սցենարը, որը կոչվելու է «Էվոլյուցիա»»
,-ասում է  Ռաֆայելն ու նշում, որ ներկայացման պրեմիերան, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան