«Երգը կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»․ Բելառուսից պահանջել են փոխել «Եվրատեսիլի» մրցութային երգը

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում է կայացրել Բելառուսը ներկայացնող Галасы ЗМеста խմբին թույլ չտալ «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկայանալ Я научу тебя երգով։ Այս մասին ասված է միության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթին ներկայացված բոլոր երգերի համար անցկացվող ստուգման ընթացակարգի շրջանակներում EBU-ն նաև ուսումնասիրել է բելառուսական խմբի երգը, որպեսզի համոզվի, որ այն համապատասխանում է մրցույթի կանոններին:

«Եկել ենք այն եզրակացության, որ երգը կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»,- հայտարարել են կազմակերպիչները:

Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Բելառուսի ազգային հեռուստառադիոընկերությանը, որը պատասխանատու է «Եվրատեսիլ» երգի մրցույթին Բելառուսի մասնակցության համար, նամակ է հղել՝ տեղեկացնելով, որ «երգը չի կարող մասնակցել մրցույթին»՝ հորդորելով կա՛մ փոփոխել այն, կա՛մ ներկայանալ նոր երգով։

«Այդ պահանջի չկատարումը կարող է հանգեցնել այս տարվա մրցույթում որակազրկմանը»,- նշել են կազմակերպիչները։

Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով 2020 թվականին չեղարկված «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը՝ Ռոտերդամում՝ 41 երկրների կատարողների մասնակցությամբ:

Բելառուսը «Եվրատեսիլ-2021»-ում պետք է ներկայացնի Галасы ЗМеста խումբը, որն ավելի վաղ ներկայացրել էր մի շարք երգիծական երգեր, այդ թվում՝ բելառուսական ընդդիմության առաջնորդներ Սվետլանա Տիխանովսկայայի, Մարիա Կոլեսնիկովի և Պավել Լատուշկոյի մասին:

Նշենք, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությունը։