Ստամբուլի դատարանը արդարացրել է Քիմ Քարդաշյանին հայհոյած և «զզվելի հայ» անվանած տղամարդուն

Ստամբուլի ընդհանուր իրավասությունների դատարանն արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին, որը հայհոյել և վիրավորել էր հայազգի ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանին։ Տեղեկությունը հայտնում է Ermeni Haber-ը։
2020-ին Օվյուչն իր ինստագրամում Քարդաշյանին «զզվելի հայ» էր կոչել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։ Նա մասնավորապես անդրադարձել էր Քարդաշյանի` Հայոց ցեղասպանհության 105-ամյա տարելիցին նվիրված գրառմանն ու ասել էր. «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

Մուրաթ Օվյուչի դեմ հայց էր ներկայացրել պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմը և պահանջել էր պատասխանատվության ենթարկել Օվյուչին։ Նրա դեմ մեղադրրանք էր առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Դատական նիստերի ժամանակ մեղադրյալն իր մեղքը չէր ընդունել` ասելով, որ վիրավորել է Քիմ Քարդաշյանին, ոչ թե հայերին։ Սակայն Չեքեմը հիշեցրել է, որ նա շեշտել է Քարդաշյանի ազգությունը, և «զզվելի» է կոչել բոլոր հայերին։

Սակայն Ստամբուլի դատարանը մեղադրյալի դեմ հարուցված գործի առնչությամբ դիտավորյալ հանցանք չի նկատել և վճռել է արդարացնել Օվյուչին:
Հիշեցնենք, 2020-ի ապրիլի 24–ին`Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջի «սթորի» բաժնում գրառումների շարք է արել, որոնք պատմում են 1915 թվականին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի մասին։
«Սրանք իմ նախնիներն են. նրանք տանջամահ արվեցին, բռնաբարվեցին ու սպանվեցին։ Մինչև 1917 թվականը 1,5 միլիոն հայ սպանվեց»,–գրել էր նա։